Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում են ոչ միայն քննարկում, այլ նաև կոնկրետ բանաձև, որով ոչ թե կոչ կամ հորդոր կլինի ուղղված Ադրբեջանին, այլ կոնկրետ պահանջ՝ հիմնվելով և՛ պրակտիկայի, և՛ ՄԱԿ-ի կանոնադրությամբ Անվտանգության խորհրդին տրված լիազորությունների վրա, «Ազատության» հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը վաղը ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ Հայաստանի դիմումի հիման վրա քննարկելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման հարցը։ Նիստն անցկացնելու համար ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Մհեր Մարգարյանը դիմել էր Ամերիկայի դեսպանին, պնդելով, որ հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակումը սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի խիստ պակաս է առաջացրել։
Ստորև ներկայացնում ենք հատված Արցախի օմբուդսմենի հետ հարցազրույցից.
«Ազատություն». - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ի՞նչ ակնկալիքներ ունեք։
Գեղամ Ստեփանյան. - Անվտանգության խորհուրդը արդեն երկրորդ անգամ է քննարկելու Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացող հումանիտար ծանր պայմանները։ Եթե առաջին քննարկումների ժամանակ իրավիճակն այս աղետալիին դեռևս չէր հասել, և ինչ-որ առումով կարող ենք ասել, որ Անվտանգության խորհուրդը բավարարվեց զուտ միայն քննարկումներ իրականացնելով, և որքան էլ տարբեր խոսակցություններ կան, որ փաստաթուղթ կամ նախագահական հայտարարություն էր պատրաստվում ընդունել, որը ձախողվեց, այս անգամ մեր ակնկալիքը, հատկապես, երբ Արցախում իրավիճակն իրապես օրհասական է, և մարդկային կյանքերի սպառնալիքն առավել է, քան երբևէ, Անվտանգության խորհրդից ակնկալում ենք նաև ոչ միայն քննարկում, այլ նաև կոնկրետ բանաձև, որով ոչ թե կոչ կամ հորդոր կլինի ուղղված Ադրբեջանին, այլ կոնկրետ պահանջ՝ հիմնվելով և՛ պրակտիկայի, և՛ ՄԱԿ-ի կանոնադրությամբ Անվտանգության խորհրդին տրված լիազորությունների վրա։ Կոնկրետ պահանջ Ադրբեջանից՝ անհապաղ արգելափակել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը և վերացնել հումանիտար աղետը՝ փրկելով Արցախի ժողովրդին վերահաս սովից և կյանքին ու առողջությանը սպառնացող այլ վտանգներից։
«Ազատություն». - Այսինքն՝ բանաձև, ինչը նաև կարող է ենթադրել գործիքներ՝ դա կյանքի կոչելու համար։
Գեղամ Ստեփանյան. - Կա հատուկ բառապաշար, որ եթե օգտագործվում է Անվտանգության խորհրդի կողմից, ապա բանաձևը դարձնում է պարտադիր կատարման, և ես ակնկալում եմ, որ հենց այդ բառամթերքն է օգտագործվելու բանաձևում, որը կնշանակի, որ այն պարտադիր կատարման է, և որից Ադրբեջանը խուսափել չի կարող, և որը չկատարելու պարագայում ԱԽ-ն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխով իրեն վերապահված լիազորություններով և գործիքակազմով պետք է առաջնորդվի, ինչը ենթադրում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ և հարկադրանքի կիրառման այլ գործիքներ։
«Ազատություն». - Գալով տեղում դրությանը, պարո՛ն Ստեփանյան, Դուք հատկապես ի՞նչը կառանձնացնեիք առաջին հրատապության հարց որպես։
Գեղամ Ստեփանյան. - Ավելացել է առկա հումանիտար ծանրագույն իրավիճակին ջրամատակարարման հետ կապված խնդիրը, որը հատկապես շատ նկատելի է Ստեփանակերտում, այսինքն՝ վերջին օրերին գումարվել է նաև Ստեփանակերտը։ Փաստորեն, Ստեփանակերտն այսօր ջուր է ստանում մեկ երրորդով, քաղաքի տարբեր բակերում տեղադրված են բաքեր, որոնք նախատեսված են բնակչության համար, և պարզ է, որ հնարավոր չէ կազմակերպել այս իրավիճակում, հատկապես ամառային տաք եղանակում, սա հղի է շատ մեծ վտանգներով, հատկապես սանիտարական տեսանկյունից։
Շարունակվում է շատ սուղ մնալ պարենամթերքի հարցը. վերջին օրերին նաև նորից խնդիր է առաջացել հացի հետ կապված։ Գիտեք, որ ամենամեծ ալրաղացում տեղի ունեցած վթարի հետևանքով նաև ալյուրի խնդիր է առաջացել, և դրանով պայմանավորված այսօր մինչև գիշերվա 5-6-ը մարդիկ, որոշները նաև մինչև առավոտ հերթ են կանգնում՝ մեկ կամ երկու հաց ձեռք բերելու համար։ Եվ դեղորայք, և մանկական կեր. սրանք այն հարցերն են, որոնք անմիջականորեն կապված են թերսնուցման և կյանքի ու առողջության հետ։ Դեղորայքը հատկապես խրոնիկ հիվանդություն ունեցող անձանցից մենք ամենաշատն ենք ստանում ահազանգեր, մարդիկ, որոնք չեն կարողանում գտնել անհրաժեշտ դեղորայք։ Դա կապված է շաքարային դիաբետի, արյան սրտանոթային հիվանդություն ունեցող անձանց հետ, շնչական համակարգի հետ խնդիր ունեցող անձանց, և բազմաթիվ այլ հիվանդություններ։ Բազմաթիվ են մայրերը, որոնք դիմում են մանկական կաթնախառնուրդ ստանալու կամ մեր աջակցությանը, որ այս հարցում նրանց օգնենք, բայց ստեղծված օբյեկտիվ իրավիճակում մենք էլ հաճախ անզոր ենք լինում որևէ ձևով աջակցել այդ անձանց։