Մատչելիության հղումներ

Զրպարտությունը և վիրավորանքը Արցախում կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները, հայտնում են նրա աշխատակազմից։

Համաձայն կատարված լրացումների ու փոփոխությունների՝ սահմանվել է, որ զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ, որոնց վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա:

Զրպարտությունը՝ ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող փաստի մասին տվյալներ տարածելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:

Վիրավորանքը՝ ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի, գրավոր, ծաղրանքի (ծաղրուծանակի) կամ այլ միջոցով կատարված անպարկեշտ արտահայտությամբ արատավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:

Ըստ Արցախի ղեկավարի ստորագրած օրենքների՝ պահպանվել է դատական կարգով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի հնարավորությունը, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG