Այս գիշեր անօդաչուն կրկին հասել է Մոսկվայի կենտրոն:
Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ օգոստոսի 18-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են անօդաչու թռչող սարք։ «Անօդաչուի բեկորներն ընկել են Էքսպոկենտրոնի գոտում, շենքին էական վնաս չի հասցվել։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան», - գրել է Սոբյանինը Telegram-ի ալիքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտնել է, որ առավոտյան ժամը մոտավորապես 4-ին ուկրաինական իշխանությունները փորձել են «հերթական ահաբեկչություն» իրականացնել Մոսկվայի և մերձմոսկովյան օբյեկտների վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք։
Միևնույն ժամանակ, դատելով ականատեսների տեսանյութից, նրանք դեպքի վայրում ծուխ են տեսել.
«Էքսպոկենտրոնի այ այս շենքին է հարվածել։ Պայթյունից պատը քանդվել է: Այստեղ մի քանի հրշեջ մեքենա կար...»:
Ընդ որում, գիշերը Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները՝ «Վնուկովո»-ն, «Դոմոդեդովո»-ն, «Շերեմետևո»-ն և «Ժուկովսկի»-ն, այս գիշեր անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակ էին:
«Հատուկ ռազմական օպերացիա է՝ ոչ մի բանում զարմանալու բան չկա։ Տեսեք, Մոսկվա Սիթին լավ թիրախ է, քանի որ դրանք բարձր, անշարժ առարկաներ են։ Անօդաչուների համար դրանք լավ թիրախ են», - այսպես է պատասխանել Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է անօդաչուն կրկին հասել Մոսկվա Սիթի:
Սա արդեն երրորդ հարվածն է Մոսկվա Սիթիին:
Ուկրաինական ուժերը կարող են չհասնել իրենց նպատակներին
Մինչ այդ, ամերիկյան հետախուզությունը ենթադրում է, որ ուկրաինական ուժերը կարող են չհասնել իրենց նպատակներին հունիսին սկսված հակահարձակման ժամանակ:
Ըստ այդ կանխատեսման՝ ուկրաինական զինված ուժերը չեն կարողանա հասնել Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլ քաղաքը և դրանով փակել ցամաքային կապը ռուսական ուժերի և բռնակցված Ղրիմի միջև՝ ռուսական պաշտպանական գծերի պատճառով։ Ըստ այդ տվյալների՝ ուկրաինական զորքերը, որոնք այժմ գտնվում են Մելիտոպոլից 80 կիլոմետր հեռավորության վրա, լավագույն դեպքում կանգ կառնեն քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Ռազմական վերլուծաբան Ռոբ Լին, մասնավորապես, ասել է. - «Ռուսաստանն այնտեղ ունի երեք հիմնական պաշտպանական գիծ, իսկ դրանցից հետո՝ ամրացված քաղաքներ։ Հարցը միայն այն չէ, թե արդյոք Ուկրաինան կարող է ճեղքել դրանցից մեկը կամ երկուսը, այլև թե արդյոք նրանք կարող են ճեղքել բոլոր երեք գծերը և ունենալ բավարար ուժեր ավելի նշանակալի բանի հասնելու համար, օրինակ՝ Տոկմակի գրավումը»:
Ուկրաինական իշխանությունները բազմիցս ասել են, որ հակահարձակման ընթացքում դանդաղ առաջխաղացման պատճառը ոչ միայն ռուսական պաշտպանության գծերն են, այլ նաև՝ արևմտյան սպառազինության պակասը: Ուկրաինան, մասնավորապես, չի ստացել F-16 կործանիչներ, որոնց անհրաժեշտության մասին խոսում է տարվա սկզբից։
Նիդերլանդների և Դանիայի արտաքին գործերի նախարարները պաշտոնապես հաստատել են, որ ԱՄՆ-ը հավանություն է տվել այդ երկրներից Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարմանը։
Դանիայում ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը պետք է սկսվի օգոստոսին։ Փորձագետները կարծում են, որ երկար սպասված ամերիկյան կործանիչները կարող են Ուկրաինա հասնել եկող տարվա գարնանից ոչ շուտ։
Միևնույն ժամանակ, արևմտյան ռազմական փորձագետները համոզված են, որ, ամեն դեպքում, ուկրաինական հակահարձակումը թուլացրել է ռուսական զորքերը: «Ռուսները բավականին ծանր վիճակում են։ Նրանք հսկայական կորուստներ են կրել», - գրում է The Washington Post-ը:
Բաց աղբյուրների հիման վրա BBC-ին Mediazona-ի և կամավորների թիմի հետ միասին հաջողվել է բացահայտել 30 հազար 502 ռուս զինվորի անուն, ովքեր զոհվել են Ուկրաինայի պատերազմում։ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը հետ մղելիս զոհվել է առնվազն 1230 մարդ։ Մահացածների այս թիվը ռուսական կորուստների նվազագույն գնահատականն է, զոհերի իրական թիվը, հավանաբար, երկու անգամ ավելի բարձր է, պնդում են լրագրողները: