Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր վրա ճնշում չի գործադրում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։
«Բելառուսի ներգրավվածությունը․․. ի՞նչ կտա դա՝ ոչինչ», - ասել է Լուկաշենկոն, որի երկիրը սահմաններ ունի Ուկրաինայի, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երեք երկրների հետ։
«Եթե դուք՝ ուկրաինացիներդ չհատեք մեր սահմանը, մենք երբեք չենք մասնակցի պատերազմին։ Այս թեժ պատերազմին։ Բայց մենք միշտ կօգնենք Ռուսաստանին՝ նրանք մեր դաշնակիցներն են», - ասել է Լուկաշենկոն ուկրաինացի, բայց ռուսամետ լրագրող Դիանա Պանչենկոյին տված հարցազրույցում։
Նա զգուշացրել է, որ Բելառուսը կպատասխանի արտաքին ագրեսիային, ներառյալ՝ միջուկային զենքի կիրառմամբ, որ Մոսկվան տեղյակայել է այդ երկրի տարածքում։ «Միայն մեկ սպառնալիք կարող է լինել՝ ագրեսիա մեր երկրի դեմ, եթե մեր երկրի դեմ ագրեսիա սկսվի Լեհաստանից, Լիտվայից կամ Լատվիայից, մենք անմիջապես կպատասխանենք այն ամենով, ինչ ունենք», - վստահեցրել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն ասել է, թե կարծում է՝ Պուտինն արդեն հասել է իր նպատակներին Ուկրաինայում, և հավելել է, թե երկու կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և պատրաստ լինեն քննարկելու բոլոր հարցերը, ներառյալ՝ Ղրիմի և Ուկրաինայի մյուս տարածքների ապագան, որոնց նկատմամբ Ռուսաստանը հավակնություններ ունի։ Բայց, նրա խոսքով, Ռուսաստանը երբեք Ղրիմը հետ չի տա:
«Ռուսաստանի նպատակները մինչ օրս արդեն իրականացվել են։ Այս պատերազմի ավարտից հետո Ուկրաինան երբեք Ռուսաստանի հանդեպ իրեն այդքան ագրեսիվ չի պահի, ինչպես պատերազմից առաջ», - ասել է Լուկաշենկոն:
Ընդհանրապես Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանն ու Բելառուսը միշտ փորձում են արդարացնել, թե իբր Ուկրաինան ագրեսիվ էր տրամադրված։ Պուտինը միշտ պնդել է, թե այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» նպատակը իր սեփական երկրի ու Ուկրաինայի արևելքում ռուսախոս բանակչության անվտանգությունն ապահովելն է ծայրահեղ ազգայնական նեոնացիստական Կիևի իշխանություններից:
Ուկրաինան և Արևմուտքը նման պատճառաբանությունն անհեթեթություն են համարում, պնդելով, որ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա կայսերական ոճով հողազավթում է։