Մատչելիության հղումներ

Եվրոպական երկրների խումբը 115 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր կփոխանցի Ուկրաինային


Ուկրաինա - Խոցված անօդաչու թռչող սարք Կիևի երկնքում, արխիվ
Ուկրաինա - Խոցված անօդաչու թռչող սարք Կիևի երկնքում, արխիվ

Մեծ Բրիտանիայի գլխավորած եվրոպական երկրների խումբն այսօր հայտարարեց 90 միլիոն ֆունտ ստերլինգի (շուրջ 115 միլիոն դոլար) հակաօդային պաշտպանության համակարգեր և սարքավորումներ Ուկրաինային փոխանցելու մասին:

Այս գումարը ներառում է անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելու և ոչնչացնելու համար նախատեսված Cortex Typhon անվավոր հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման 56 միլիոն ֆունտ ստերլինգի պայմանագիր նորվեգական Kongsberg պաշտպանական ընկերության հետ: Ավելի վաղ նույնը հայտնել էր ընկերությունը։

Ուկրաինայի համար միջազգային հիմնադրամը, որի կազմում են Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Դանիան և Շվեդիան, ստորագրել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերին վերաբերող ևս երկու պայմանագիր, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ։

Reuters լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես հավանություն է տվել Դանիայից ու Նիդերլանդներից Ուկրաինա F-16 կործանիչներ ուղարկելուն։ Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ ուկրաինացի օդաչուների՝ F-16 օդանավեր կառավարելու պատրաստություն անցնելուց հետո:

Reuters-ի թղթակիցները ծանոթացել են Դանիայի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարներին ԱՄՆ պետքարտուղարի հղած նամակի պատճենին, որում Էնթոնի Բլինքենը վստահեցնում է, որ հաստատման հետ կապված խնդիրներ չեն լինի։

XS
SM
MD
LG