Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում Հայաստանին կոչ է անում զերծ մնալ տարածաշրջանում իրավիճակը «սրող սադրիչ քայլերից և հայտարարություններից», չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և միջազգային հանրությանը «շփոթեցնելու փորձերը» շարունակելու փոխարեն կատարել ստանձնած պարտավորությունները։
Գերատեսչությունը պնդում է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ «Հայաստանի զինված ուժերի հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել Ադրբեջանի տարածք՝ ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով»։
«Տարածաշրջանում իրավիճակի սրման պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Երևանն ավելի վաղ հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու մասին ադրբեջանական հաղորդագրությունը։