ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախօրեին կայացած ճեպազրույցում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, պատասխանելով «Թուրան» գործակալության հարցին, Ադրբեջանի իշխանություններին կրկին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։
«Մենք խորապես մտահոգված ենք մնում Լաչինի միջանցքը շարունակական փակ մնալու կապակցությամբ, հատկապես որ այն փակ է առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար։ Հումանիտար երթևեկության դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակն ու խարխլում խաղաղ գործընթացում վստահություն կառուցելու գործադրվող ջանքերը։ Մենք Ադրբեջանի կառավությանը կոչ ենք անում վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ երթևեկությունը այդ միջացքով», - ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակը՝ նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը նիստ է գումարելու Ղարաբաղի հարցով, և ակնկալում են, որ այնտեղ քննարկումները կշարունակվեն։
Պատելը խուսափել է պատասխանել, թե այդ հարցով ՄԱԿ-ում ի՞նչ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները, ասելով, թե չի պատրաստվում հանդիպումից առաջ ընկնել։
«Բայց մենք հետևողականորեն ընդգծել ենք և կրկնել, որ ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի լուծելու այդ երկարատև հակամարտությունը, և մենք կարծում ենք՝ ցանկացված ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ բան կլինի և դրական քայլ առաջ»,- ասել է Վեդանտ Պատելը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախօրեին Ֆրանսիան ևս անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ասել է, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են պարտավորություններին, որոնք ստանձնել է կրակի դադարեցման համաձայնագրին համապատասխան, և վնաս են հասցնում բանակցային գործընթացին։ Նա նշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Կատրին Կոլոննան հավաստիացել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան մտադիր է 3 միլիոն եվրո լրացուցիչ հատկացում կատարել տարածաշրջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։
Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցում նաև հատուկ կարևորվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը շտապ թուլացնելու ուղղությամբ ավելի վաղ համաձայնեցված քայլերի, այդ թվում մարդասիրական երթուղիների՝ ներառյալ Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը։
Ապրիլին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Լաչինի միջանցում, որի մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնություններում ոչ մի խոսք չկա, և տարբեր պատճառաբանություներով պարբերաբար փակում է ճանապարհը, իսկ վերջերս անցակետում Կարմիր Խաչի մեքենայից առևանգվեց 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, որին Բաքվում մեղադրանք է առաջադրվել Ղարաբաղյան առաջին պատերազմի հետ կապված։ Ադբեջանական անցակետը Հակարիի կամրջին տեղադրված է ռուս խաղաղապահների հենակետից 20-25 մետր հեռավորության վրա։