Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել


Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրավիճակն Արցախում։

Ըստ հայկական կողմի՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և Արցախն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպմանն ընդառաջ Արարատ Միրզոյանը շեշտել է առկա մեխանիզմներն արդյունավետորեն օգտագործելու, 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետի և Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն` արտգործնախարարներնը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայանալիք քննարկումների հեռանկարների շուրջ:

Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ Լավրովը «նշել է Լեռնային Ղարաբաղում սուր հումանիտար իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման խնդրի առաջնահերթությունը՝ 2020-22 թվականների Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն բարձր մակարդակի եռակողմ հայտարարությունների համալիրի իրականացման ուղղությամբ արված աշխատանքի, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վերահաստատման մասին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների հաշվառմամբ»:

«Ընդգծվել է, որ կարգավորման շահերից ելնելով սկզբունքորեն կարևոր է կենտրոնանալ «գետնի վրա» փոխադարձ ընդունելի գործնական քայլերի համաձայնեցման վրա», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Նախօրեին հեռախոսազրույց էր կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև:

XS
SM
MD
LG