Մատչելիության հղումներ

«Սիրիայում ահաբեկչությունը ստեղծվել է Թուրքիայում և մինչև այսօր ֆինանսավորվում է Թուրքիայից»․ Բաշար ալ-Ասադ


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Սիրիայում շարունակվող բռնությունների համար, հայտարարելով, որ Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումները ստեղծվել են Թուրքիայում։

Ասադի մեղադրանքները հնչում են Սիրիայի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու վերջին ամիսների բանակցությունների ֆոնին, որտեղ ներգրավված են Ռուսաստանը, Իրանը, Սիրիան և Թուրքիան։

Բաշար ալ-Ասադը, վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ հարցազրույց տալով արտասահմանյան լրատվամիջոցի, հակադարձել է Էրդողանին, ով ավելի վաղ ասել էր, թե պատրաստ է հանդիպել Ասադին, բայց՝ առանց նախապայմանների։

«Հանդիպում առանց նախապայմանների արտահայտությունը նշանակում է՝ չկա աշխատանքային օրակարգ։ Աշխատանքային օրակարգի բացակայությունը, նշանակում է՝ նախապատրաստություն չկա։ Առանց նախապատրաստվելու, նշանակում է՝ արդյունք չկա։ Ինչո՞ւ պետք է ես ու Էրդողանը հանդիպենք, զովացուցիչ ըմպելիքներ խմելո՞ւ։ Մենք ուզում ենք հասնել հստակ նպատակի, մեր նպատակն է, որ դուրս գան սիրիական հողերից, իսկ իմ հետ հանդիպելու Էրդողանի նպատակը՝ Սիրիայում Թուրքիայի օկուպացիան օրինականացնելն է։ Ահա այդ պատաճառով մենք չենք կարող հանդիպել Էրդողանի կանոններով»,- ասել է Բաշար ալ՝ Ասադը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։

Էրդողանը պնդել էր, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիան պայքարում է ահաբեկիչների դեմ, ապահովում է Թուրքիայի անվտանգությունը և այդ պատաճառաբանությամբ դուրս չեն գա Թուքիային սահմանակից այդ շրջաններից։

Պատասխանելով նրան՝ Ասադը ահաբկչության համար մեղադրել է Թուրքիային։

«Ճշմարտությունն այն է, որ Սիրիայում ահաբեկչությունն արտադրվում է Թուրքիայում։ Jabhat al-Nusra, Hayat Tahrir al-Sham դրանք բոլորը նույն ճակատի տարբեր անուններ են։ Այդ ամենը ստեղծվել է Թուրքիայում ու մինչև այսօր ֆինանսավորվում է Թուրքիայից։ Ի՞նչ ահաբեկչության մասին է նա խոսում»,- ասել է Ասադը՝ պատախանելով Էրդողանի պնդումներին։

Թուրքիան Սիրիայի զինված ընդդիմության հիմնական աջակիցն է, որ 2011-ին բռնկված քաղաքացիական պատերազմում փորձում էին տապալել Ասադի իշխանությունը։ 2016 թվականից հետո թուրքական զորքերը երեք անգամ լայնածավալ ներխուժում են կատարել Սիրիայի տարածք ու մինչև հիմա Սիրիայի հյուսիսում որոշ տարածքներ են վերահսկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG