Մատչելիության հղումներ

Աքար. «Թուրքիան հարգանքով է վերաբերվում Սիրիայի տարածքային ամբողջականությանը և միայն ահաբեկիչների դեմ է պայքարում»


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իր երկիրը հարգանքով է վերաբերվում Սիրիայի տարածքային ամբողջականությանը և այնտեղ միայն ահաբեկիչների դեմ է պայքարում:

Այդ հայտարարությամբ նա մեկնաբանել է նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ բանակցությունները, որոնց մասնակցել են նաև Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Ալի Մահմուդ Աբասը:

«Մենք հարգում ենք մեր հարևանների, հատկապես Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը, և մեր միակ նպատակն է պայքարել ահաբեկչության դեմ, այլ նպատակներ մենք այնտեղ չունենք», - ասել է Աքարը:

Նրա խոսքով, ինքը Շոյգուին և Աբասին հավաստիացրել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում երկրում և սահմաններին անվտանգությունն ապահովելու համար և, մասնավորապես, «ամեն ինչ անում է, որ կանխի Սիրիայից արտագաղթի շարունակումը»:

Աքարն ասել է, որ ինքը, Շոյգուն և Աբասը քննարկել են Սիրիայի հակամարտության շուտափույթ կարգավորման ուղիները:

Նրա խոսքով, երեք նախարարները պայմանավորվել են շարունակել այս ձևաչափով հանդիպումները:

Նախօրեին Աքարը, Շոյգուն և Աբասը բանակցել են Մոսկվայում: «Սաբահ» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարներն առաջին անգամ են հանդիպել անցած 11 տարիների ընթացքում:

Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011 թվականին: Թուրքիան այդ կոնֆլիկտում սատարել է նախագահ Բաշար Ասադի ընդդիմախոսներին: Դա լուրջ ճգնաժամ է առաջացրել Անկարայի և Դամասկոսի հարաբերություններում, սակայն վերջին ամիսների ընթացքում կողմերը նկատել են տվել, որ պատրաստ են բարելավել կապերը:

Թուրքական կողմին նախևառաջ մտահոգում է Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ զինյալների խնդիրը: Անկարան նրանց ահաբեկիչներ է համարում և պահանջում է, որ քրդական զորամիավորումները հեռանան սահմանամերձ շրջաններից:

Անկարան նախազգուշացրել է, որ եթե այդ հարցը չկարգավորվի, ապա թուրքերը ստիպված կլինեն նոր ցամաքային գործողություն անցկացնել Սիրիայի հյուսիսում:

XS
SM
MD
LG