Մատչելիության հղումներ

Սիրիան պատերազմի մեկնարկից 10 տարի անց․ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն


Սիրիացիա փախստականների ճամբար Թուրքիաի հետ սահմանի մերձակայքում
Սիրիացիա փախստականների ճամբար Թուրքիաի հետ սահմանի մերձակայքում

10 տարի շարունակված բռնություններից, ռմբակոծություններից,  ահաբեկչական գործողություններից, քիմիական հարձակումներից  հետո Սիրիայում կրակը դադարել է, տառապանքը՝ ոչ ։

Մեկ տասնամյակ առաջ սիրիացիները պահանջեցին ժողովրդավարություն, ստացան ավերիչ պատերազմ

2011 թվականի մարտի 15-ին սիրիացիները փողոց էին դուրս եկել ժողովրդավարության, ազատության պահանջով, փոխարենը ստացան պատերազմ և փլատակների մեջ թաղված երկիր՝ նույն բռնապետ առաջնորդով։

10 տարի առաջ այս օրն էր Դամասկոսում տեղի ունեցել Բաշար Ասադի դեմ ամենախոշորը համարվող բողոքի ակցիան շուրջ երկու հարյուր ցուցարարներ պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերականգնել անձնական, քաղաքական և տնտեսական ազատությունները, վերացնել կոռուպցիան։

Բողոքի ալիքը թափ հավաքեց մի գրաֆիտիի պատմությունից․ Դերաա քաղաքում մի պատի վրա հայտնվեց «Հերթը ձերն է, բժիշկ» գրություն, որն ակնհայտորեն հասցեագրված էր մասնագիտությամբ բժիշկ, այն ժամանակ 45-ամյա Բաշար Ասադին, ով արդեն 11 տարի ղեկավարում էր երկիրը։ Գրաֆիտիի հեղինակները շուտով հայտնաբերվեցին, ձերբակալվեցին ու բանտում կտտանքների ենթարկվեցին։

Ոստիկանական գործողությունները կոշտ արձագանք ստացան հանրության շրջանում, որն արդեն ոգեշնչված էր հարևան երկրներում տեղի ունեցող հեղափոխական տրամադրություններով։ Սիրիայի իշխող ընտանիքը արդարություն պահանջող ցուցարարների ետևում արտաքին ուժերի դավադրություն տեսավ, և առանց երկար մտածելու ցույցերին պատասխանեց բռնի ուժով, ձերբակալություններով ՝ փորձելով օրորոցում խեղդել երկիր հասնող «արաբական գարնան» ալիքը։ Մի քանի շաբաթ անց՝ 2011 թվականի մայիսին Հոմսում ցուցարարների վրա կրակում էին տանկերից։

Խաղաղ ցույցերը մի քանի ամսում վերածվեցին զինված հակամարտության, որը գնալով թեժանում էր, խաղադրույքը մեծացնում էին թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, որին հետագայում միացան նաև ծայրահեղ տրամադրված զինյալները։

Մերձավոր Արևելքի երբեմնի ամենահաջողակ պետությունը մի քանի ամսվա ընթացքում դարձավ պատերազմի թատերաբեր, որտեղ դեմ-դիմաց էին հայտնվել տարածաշրջանի երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը։ Սիրիան վերածվեց քաղաքական ծայրահեղականների և միջազգային ահաբեկիչների առճակատման կենտրոնի, որտեղ իրենց հարաբերություններն էին պարզում իրանցիներն ու իսրայելցիները, թուրքերն ու քրդերը, շիաներն ու սուննիները, Մոսկվան ու Վաշինգտոնը, ինչն էլ իր հերթին սիրիական խնդիրը դարձրեց ժամանակակից աշխարհի ամենասուր մարդասիրական ճգնաժամը։

Ըստ հակամարտությանը հետևող փորձագետների, Սիրիայում արյունալի պատերազմը 10 տարի շարունակվում է թերեւս հենց միջազգային խաղացողների ներգրավածության պատճառով. երկրի ճակատագիրը վաղուց սիրիացիների ձեռքում չէ, իսկ հակամարտության կարգավորման բանալին իրար մեջ են կիսում արտաքին խաղացողները։

Մարտի դաշտում այժմ հարաբերական անդորր է, անցած տարվա մարտ ամսից ռազմական գործողությունները գրեթե դադարել են, բայց եւ չկա քաղաքական կարգավորում․ գլխավոր հարցը մնում է անպատասխան՝ ո՞վ է ի վիճակի վերջ դնել սիրիական հակամարտությանը և թույլ չտալ, որ երկիրը դառնա Մերձավոր Արևելքի Հյուսիսային Կորեան։

Սիրիայի տարածքի մեծ մասը վերահսկում է Ասադի ռեժիմը

Պատերազմի տասը տարիների ընթացքում Բաշար Ասադին հաջողվեց վերականգնել երկրի տարածքային ամբողջականության երկու երրորդը՝ ներառյալ Դամասկոսը, Հալեպը, Հոմսը, Համան, Լաթաքիան, Տարտուսը, Դերաան, Դեյր Զորը, որտեղ հետպատերազմյան Սիրիայի 17 միլիոնանոց բնակչությունից բնակվում է շուրջ 12 միլիոնը։ Կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս մնացած տարածքները բաժանվել են երեք մասի, որոնցից մեկը քրդական կոալիցիայի ձեռքում է, որին աջակցում է Միացյալ Նահանգները։ Հենց այդ շրջաններում է գտնվում երկրի բնական ռեսուրսների 80 տոկոսը։

Մյուս հատվածում իշխանություն են հաստատել Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբ խմբավորումները։

Իսկ Իդլիբ նահանգը շարունակում են վերահսկել ջիհադիստական խմբավորումները և թուրքական ուժերը։

Ըստ տարբեր գնահատականների, Ասադի բանակը վերահսկում է երկրի ցամաքային սահմանների միայն 15 տոկոսը, մնացյալը արտաքին ուժերի է ենթակայության տակ է։ Նույն իրավիճակն է նաև օդային և ծովային սահմաններին։

Ժամանակակից աշխարհի ամենասուր ճգնաժամը

Սիրիայի պատերազմը հանգեցրեց աննախադեպ ծավալների հումանիտար ճգնաժամի։ Պատերազմի ընթացքում զոհվեց շուրջ կես միլիոն մարդ, այդ թվում շուրջ 12 հազար երեխա․ տասը տարիների շարունակ յուրաքանչյուր 8 ժամվա ընթացքում Սիրիայում վիրավորվում կամ սպանվում էր մեկ երեխա։ Բնակչության կեսը՝ մոտ 12 միլիոն մարդ, դարձավ փախստական․ ավելի քան 6,5 միլիոնը լքել է երկիրը, մոտ 6 միլիոնն էլ ժամանակավոր ապաստան գտել Սիրիայի ներսում։ Երկիրը լքած փախստականների մեծ մասը՝ շուրջ 5,5 միլիոն մարդ ապաստան է գտել հարևան երկրներում՝ Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում։ Մոտ 1 միլիոն մարդ հասել է Եվրոպա։ Սա փախստականների ամենամեծ հոսքն է երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։

Սիրիական պատերազմը և հայ համայնքը

Սիրիական պատերազմը չի շրջանցել նաև տեղի հայ համայնքն ու հայաշատ շրջանները։ Մինչև հակամարտությունը երկրում շուրջ 150 հազար հայ էր բնակվում, մեծամասնությունը՝ Հալեպում, որը դարձել էր պատերազմի ամենաթեժ օջախներից մեկը։ Այստեղ իրենց հարազատներին և տունն են կորցրել հազարավոր հայեր, ավիրվել կամ ոչնչացվել են հայկական գործարաններ, խանութներ, մշակութային կենտրոններ, դպրոցներ, գերեզմանատներ, եկեղեցիներ, հուշարձաններ։

2011-ից շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում Սիրիայի հայ համայնքը հիմնականում չեզոքություն էր պահպանում, տեղի հայերը գնահատական չէին տալիս ներքաղաքական ճգնաժամին, խոսելիս էլ զգուշավորությամբ աջակցում էին նախագահ Ասադին: Երկու տարի առաջ սակայն, մի շարք աղբյուրներ պնդեցին, թե Սիրիայի հյուսիսում Ամերիկայի աջակցությունը վայելող քրդերի՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում հայկական զորախումբ է ստեղծվել։

Սիրիան վերականգնելու համար կպահանջվի 50 տարի և առնվազն 300 միլիարդ դոլար

Տասնամյա պատերազմի հետևանքով Սիրիայի բնակչության ավելի քան 90 տոկոսը ապրում է աղքատության եզրին, գրեթե սովի պայմաններում։ Փլատակների են վերածվել տասնյակ քաղաքներ, տնտեսությունը մոխիր է դարձել։

Սննդամթերքի ամենափոքր տեսականու՝ հացի, բրնձի, ոսպի, ձեթի, շաքարի ամսական պաշարի ընդհանուր գինը գերազանցում է միջին աշխատավարձը։ Արժանապատիվ կյանքի համար սիրիացուն անհրաժեշտ է ամսական 700 դոլար, մինչդեռ երկրի պետական ծառայողի միջին աշխատավարձը կազմում է 24 դոլար։

XS
SM
MD
LG