ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը մասնակցել է Ասփենի հաստատության կազմակերպած անվտանգության հարցերով խորհրդաժողովին:
Իր ելույթում նա խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի, հացահատիկի գործարքի ճգնաժամի, ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների և այսօր հրատապ այլ թեմաների մասին:
Բըրնսը հպանցիկ անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երբեմնի սերտ դաշնակից, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր ու ղեկավար Եվգենի Պրիգոժինի հունիսյան զինված խռովության փորձին:
Նա ընդունել է, որ ամերիկյան ղեկավարությունը տեղյակ էր Եվգենի Պրիգոժինի մտադրությունների մասին:
«Նախագահ Ջո Բայդենը շատ համառոտ հայտնել է, որ մենք գիտեինք: Ես այլ մանրամասներ չեմ հրապարակի»,- ասել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը և ավելացրել. - «Երբ Պրիգոժինը որոշել է գործել, մեզ համար դա անակնկալ չի եղել»:
Ավելի վաղ CNN հեռուստակայանը պնդել է, որ ամերիկյան հետախուզությունը գիտեր Պրիգոժինի խռովության ծրագրի մասին:
Ըստ Ուիլյամ Բըրնսի, «Վագները» կարևոր նշանակություն ունի Կրեմլի համար, քանի որ խմբի վարձկանները ներկա են Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում:
Այդ դեպքում ինչպե՞ս Կրեմլը կլուծի հակասությունը, որն անխուսափելիորեն բխում է «Վագների» կարևորության և Պրիգոժինի դավաճանության հանգամանքներից:
Բըրնսի համոզմամբ, այս պահին Ռուսաստանի նախագահն, ամենայն հավանականությամբ, դեռ որոշում չի կայացրել, բայց լինելով քինախնդիր մարդ՝ նա կփորձի Պրիգոժինին նախևառաջ զատել «Վագներից», ապա վրեժ լուծել:
Բըրնսի խոսքով, այն, որ Պրիգոժինը կփորձի ապստամբել, ակնհայտ էր պաշտպանության նախարար Սերգեյ Շույգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հասցեին նրա հնչեցրած անդադար քննադատությունների տարափից:
Պրիգոժինը խռովությունը սկսել է հունիսի 23-ին երեկոյան, և հաջորդ օրն այն դադարեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ:
Պրիգոժինին և վագներականներին ներում են շնորհել, պայմանով, որ նրանք տեղափոխվեն Բելառուս:
Օրեր անց՝ հունիսի 29-ին, Պուտինը Կրեմլում հանդիպել է Պրիգոժինի և «Վագների» հրամանատարների հետ, սակայն այդ մասին նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը միայն հուլիսի 10-ին է հաղորդել: