Մատչելիության հղումներ

Ուկրաինան և Լեհաստանը հայտնում են, որ «Վագների» մարտիկները ժամանել են Բելառուս


«Վագներ» մասնավոր խմբավորման մարտիկները Ռուսաստանից ժամանել են Բելառուս և այնտեղ են, շաբաթ օրը հայտարարել են ուկրաինացի և լեհ պաշտոնյաները, հաղորդում է Reuters-ը։ Դրանից մեկ օր առաջ Մինսկը հայտարարել էր, որ վարձկանները մարզում են երկրի զինվորներին մայրաքաղաքից հարավ-արևելք:

«Վագները Բելառուսում է»,-նշել է ուկրաինական սահմանային գործակալության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն։ Նա ասել է, որ Բելառուսում նկատվել է Ռուսաստանից «առանձնացած խմբերի» տեղաշարժ։

«Վագների» որոշ մարտիկներ Բելառուսում են առնվազն երեքշաբթի օրվանից, Reuters-ին հայտնել են նրանց մոտ կանգնած երկու աղբյուրներ:

Բելառուսի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ «Վագների» անդամները բելառուս զինվորներին հրահանգավորում են Օսիպովիչ քաղաքի մոտ գտնվող զորամասում:

«Վագների» տեղափոխությունը Բելառուս գործարքի մի մասն էր, որը վերջ դրեց խմբավորման ապստամբության փորձին հունիսին, երբ նրանք վերահսկողության տակ առան ռուսական ռազմական շտաբը, երթով շարժվեցին դեպի Մոսկվա և սպառնացին Ռուսաստանին ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ, ինչի մասին ասել էր նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը չի երևացել հանրությանը Ռուսաստանի հարավային Դոնի Ռոստով քաղաքը հունիսի 24-ի ուշ երեկոյան լքելուց հետո։

Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգման փոխնախարար Ստանիսլավ Զարինը ասել է, որ Վարշավան նույնպես հաստատում է նրանց առկայությունը Բելառուսում։

«Այս պահին նրանք կարող են լինել մի քանի հարյուր», - գրել է Զարինը Twitter-ում:

Լեհաստանն այս ամիս հայտարարեց, որ ուժեղացնում է Բելառուսի հետ իր սահմանը՝ հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար:

XS
SM
MD
LG