Մատչելիության հղումներ

Ի՞նչ է անում Հայաստանը ՌԴ հարցով պատժամիջոցների տակ չհայտնվելու համար


Ամերիկյան հեղինակավոր Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրները, չէր բացառել, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի ԵԱՏՄ անդամ Ղրղըզստանի դեմ՝ Եվրոպայից և Ասիայից պատժամիջոցների ցանկերի ապրանքներ Ռուսաստան վերաարտահանելու համար։

Ի՞նչ պետք է անի նույն տնտեսական գոտու անդամ Հայաստանը՝ պատժամիջոցների տակ չհայտնվելու համար։

Էկոնոմիկայի նախարը վստահեցնում է՝ ամեն ինչ անում են այդ ուղղությամբ, նման վտանգ չկա։

Վահան Քերոբյան
Վահան Քերոբյան

«Կառավարությունը հայտարարել է, որ չնայած չի միանում սանկցիաներին, այնուամենայնիվ ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ընկերությունները երկրորդային սանկցիաների տակ չընկնեն, և այդ ուղղությամբ մենք բազմաթիվ որոշումներ՝ երևացող և չերևացող, կայացնում ենք, օգնում ենք մեր տնտեսվարողներին՝ չշրջանցել սանկցիաները», - ասաց Վահան Քերոբյանը։

Նախարարը հիշեցրեց, որ կան նաև որոշակի խմբի ապրանքատեսակներ, որոնց արտահանումը Ռուսաստան միայն հատուկ վերահսկողությամբ է իրականացվում։ Խոսքն անցյալ ամիս ընդունված կառավարության որոշումների մասին է, որոնցով խստացվեց մի շարք, այդ թվում՝ չիպերի, տրանսֆորմատորների և տեսախցիկների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը։

«Այդպիսով մենք, ըստ էության, նաև ցեմենտել ենք մեր արտահանման սահմաններն այնպես, որպեսզի թույլ չտանք, որ որևիցե ընկերություն ընկնի այդ ռիսկի տակ», - ասաց նախարարը։

Չնայած կառավարության անդմաների այս վստահեցումներին՝ Եվրամիությունից ու ԱՄՆ-ից պարբերաբար զգուշացումներ են հնչում Հայաստանին՝ հորդորելով չաջակցել Կրեմլին և այնտեղ չհասցնել արգելված ապրանքներ, ընդ որում Արմուտքը մատնացույց է անում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների շեշտակի աճը։

Հունիսի վերջին Հայաստանում էին արևմտյան երկրների պատժամիջոցային հարցերի հատուկ ներկայացուցիչները, որոնց ընդունեց նաև վարչապետ Փաշինյանը։

Օրերես Հայաստանից Ռուսաստան արտահանվող ավտոմեքենաների շեշտակի աճը գրավել էր նաև բրիտանական հայտնի պարբերականներից մեկի՝ Financial Times-ի ուշադրությունը, հոդվածի հեղինակները գրել էին, որ ընդամենը մեկ տարում Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման ծավալները աճել են ավելի քան 200 անգամ։

ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը երեկ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց, որ Ռուսաստան արտահանվող մեքենաներից շատերը պատժամիջոցների ցանկում չեն և, ըստ նրա, ճիշտ չէ արտահանման ծավալները ներկայացնել պատժամիջոցների շրջանցման լույսի ներքո։

Ռուստամ Բադասյան
Ռուստամ Բադասյան

«Ձեր կվայակոչած լրատվական միջոցն ի սկզբանե դիմել էր մեզ, մենք պատասխանը տվել ենք, բայց իրենց հրապարակման մեջ մեր պատասխանը կա՛մ մեր թվերը, կա՛մ մեր մեկնաբանությունները ներկայացված չեն», - ասաց ՊԵԿ ղեկավարը։

Բադասյանը հիշեցրեց՝ 2019-ին ևս մեծ ծավալի ավտոմեքենաների արտահանում է եղել Ռուսաստան և դրա գլխավոր պատճառը Հայաստանի ավելի բարենպաստ մաքսազերծման հնարարավորություներն էին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG