Մատչելիության հղումներ

Հայաստանյան բանկերն արգելափակում են արտահանված էլեկտրոնիկայի դիմաց Ռուսաստանից եկող վճարումները


Արևմտյան պատժամիջոցներից խուսափելու համար հայաստանյան բանկերն արգելափակում են այստեղից արտահանված էլեկտրոնիկայի՝ սերվերների, միկրոչիպերի, պրոցեսորների դիմաց Ռուսաստանից եկող վճարումները, այսօր գրել է ռուսական «Կոմերսանտը»։

Շատ փակագծեր չբացելով՝ Հայաստանի կենտրոնական բանկը չի հերքում՝ տեղական առևտրային բանկերը խստացնում են իրենց քաղաքականությունը։

Պատժամիջոցների տակ հայտնվում են այն ընկերությունները, որոնք, Արևմուտքի համոզմամբ, աջակցում են ռուսական բանակին ու ռազմաարդյունաբերությանը։

Էլեկտրոնիկայի ռուսական շուկայում աշխատող աղբյուրները, որոնց «Կոմերսանտը» չի բացահայատում, պատմել են, թե Ղազախստանի, Հայաստանի ու Հոնգկոնգի բանկերը վերջին երկու շաբաթներին հաճախակի արգելափակում են այս ապրանքների դիմաց իրենց վճարումները։ Ըստ ռուսական լրատվամիջոցի, արտահանման նման խստացումները կես տարվա ընթացքում էլեկտրոնիկայի պակաս կարող են առաջացնել Ռուսաստանում։

Հայաստանի կենտրոնական բանկից «Ազատությանը» տեղեկացրին՝ բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը և հաստատեցին, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցների պատճառով խստացումների են գնում. - «Դա կրում է շարունակական բնույթ, և դրա շրջանակներում զգալիորեն խստացվում են պայմանները տարածաշրջանի բոլոր բանկերի, այդ թվում նաև հայկական բանկերի արտասահմանյան գործարքների համար։ Այդ գործընթացի ներքո կարող է ավելանալ նաև որոշակի բնույթի գործարքներ կատարելու մերժումների քանակը, եթե առևտրային բանկերը, ըստ իրենց գնահատման չափանիշների, գործարքները գնահատեն որպես ռիսկային»։

«Ազատությունն» այսօր դիմել է էլեկտրոնիկա վաճառող շուրջ 30 ընկերության՝ պարզելու, թե արդյոք վերջերս ունեցել են Ռուսաստանից գումար ստանալու խնդիրներ։ Որևէ հստակ պատասխան, սակայն, չստացանք։ Ոմանք ասում էին՝ նման տեղեկություն չունեն, ոմանք էլ ընդհանրապես խուսափում էին հարցին պատասխանել։

Վերջին ամիսներին Հայաստանը հաճախ է ներկայացվում որպես դեպի Ռուսաստան արգելված ապրանքները հասցնող տարանցիկ երկիր։ Պաշտոնական վիճակագրությունն էլ է վկայում՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանից Ռուսաստան էլեկտրոնիկայի արտահանումը զգալի աճել է։

Օրինակ, եթե 2021-ի առաջին վեց ամիսներին Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել 745 հատ հեռախոս, մոդեմ, ապա 2022-ի նույն ժամանակահատվածում թիվը հասել է 53 հազարի։

Հեղինակավոր New York Times-ն էլ, հղում անելով պաշտոնական փաստաթղթի, գրել էր, թե Հայաստանը անցած տարի 515 տոկոսով ավելացրել է չիպերի և պրոցեսորների ներկրումը Միացյալ Նահանգներից, 212 տոկոսով՝ Եվրամիությունից։ Ըստ ամերիկյան պարբերականի, հետո այդ ապրանքների 97 տոկոսը արտահանվել է Ռուսաստան՝ օգտագործվելով ռազմարդյունաբերության մեջ։

Ե'վ Միացյալ Նահանգները, և' Եվրամիությունը Հայաստանին հաճախ զգուշացնում են՝ չօգնել Ռուսաստանին այս հարցում։

Պաշտոնական Երևանն էլ մշտապես պնդում է, որ Հայաստանն արևմտյան պատժամիջոցները չի շրջանցում։ Իր վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանն ընդունեց, որ արևմտյան երկրների հետ հանդիպումներում այս հարցը դրվում է հայկական կողմի առաջ, իրենք էլ միշտ նույն պատասխանն են տալիս. - «Մենք ասում ենք, որ Հայաստանը տնտեսական միության անդամ է։ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի տնտեսական խորը և ռազմավարական նշանակության հարաբերություններ։ Բայց Հայաստանի Հանրապետությունը նաև այդ և այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի արևմտյան պատժամիջոցների տակ։ Հետևաբար մենք կգործենք Ռուսաստանի հետ հարաբերություններում ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արևմտյան պատժամիջոցների ներքո»։

Վարչապետը սակայն չմանրամասնեց, թե ինչպես են երկու հայկական ընկերություններ արդեն իսկ հայտնվել ամերիկյան սանկցիաների տակ։ Հայաստանում գրանցված այս ընկերություններից մեկը էլեկտրոնիկա է վաճառում, մյուսն աշխատում է քիմիկատների ոլորտում։

Չհիշատակելով ո'չ Ռուսաստանը, և ո'չ էլ պատժամիջոցները՝ կառավարությունը մայիսի վերջին տեխնոլոգիական բազմաթիվ սարքերի վերաբերող որոշում է ընդունել։ Ըստ այդմ՝ նշված ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումն ավելի խիստ պետք է հսկվի, դրանց համար այսուհետ նաև համապատասխան թույլտվություններ պետք կգան։

Գործադիրը սա ազգային անվտանգության հարց է համարում։ Ավելին՝ նախագիծը ներկայացրած Էկոնոմիկայի նախարարություն հիմնավորումներում նշել է, թե անհրաժեշտ է բացառել այս ապրանքները ռազմաարդյունաբերության մեջ կիրառելու ռիսկերը։

Դրանց թվում են չիպերը, տրանսֆորմատորները, տվյալների փոխացնման սարքավորումները, տեսախցիկները, ալեհավաքները, նավիգացիոն սարքերը և բազմաթիվ այլ ապրանքներ։

Կառավարությունը թեև չի նշում, բայց այս սարքերի զգալի մասը հենց Ռուսաստան է վերաարտահանվում։ Օրինակ, տրանսֆորմատորների ապրանքախմբում 22-ի առաջին կեսին գրեթե 133 հազար հատ սարք է արտահանվել, 21-ի նույն ժամանակահատվածում թիվը 33 հազար էր կազմում։

XS
SM
MD
LG