Մատչելիության հղումներ

Financial Times․ «Հայաստանը շեշտակիորեն մեծացրել է Ռուսաստան արտահանվող արևմտյան ավտոմեքենաների ծավալը»


«Ընդամենը մեկ տարում Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման ծավալները աճել են ավելի քան 200 անգամ», - պնդում է աշխարհի ամենահեղինակավոր տնտեսական պարբերականներից մեկը՝ Financial Times-ը։

Լոնդոնում լույս տեսնող թերթը, հայաստանյան ավտոշուկաների մասին պատմող ծավալուն ռեպորտաժում գրում է՝ «Հայաստանը ավտոմոբիլային արդյունաբերություն չունի, սակայն ավտոմեքենաների արտահանման ծավալները այս փոքր երկրից դեպի Ռուսաստան շեշտակիորեն աճել են»։

«Եթե 2022 թվականի հունվարին Ռուսաստան 800 հազար ամերիկյան դոլարի մեքենա էր արտահանվել Հայաստանից, ապա այս տարվա հունվարին այդ ցուցանիշը արդեն 180 միլիոն դոլար էր կազմում», - պնդում է Financial Times-ը։

Թերթի թղթակիցները բավական մանրամասնորեն նկարագրում են Գյումրիի մաքսային տերմինալի հարևանությամբ տիրող իրավիճակը, որտեղ Ռուսաստան արտահանման համար նախատեսված հարյուրավոր մեքենաներ են կայանված։ Այստեղ են նաև տասնյակ ռուսաստանցի առևտրականներ, որոնք մեքենաներ են ընտրում հայրենիքում գտնվող իրենց հաճախորդների համար։

«Ռուսաստանում բոլոր ավտոսրահները՝ BMW, Audi, բոլորը փակվել են։ Եթե նախկինում հարուստները պարզապես մտնում էին ավտոսրահ և մեքենա էին գնում, ապա այժմ նրանք զրկված են այդ հնարավորությունից։ Դա է պատճառը, որ այդ մարդիկ այժմ դիմում են մեր օգնությանը», - թերթի թղթակցի հետ զրույցում ասում է Գյումրիում գտնվող ռուսաստանցի միջնորդներից մեկը։

Տարբերությունը, սակայն, այն է, գրում է Financial Times-ը, որ Հայաստանի տարածքով Ռուսաստան հիմնականում ոչ թե նոր արտադրված, այլ արդեն իսկ օգտագործված մեքենաներ են արտահանվում։

«Մեքենաները Միացյալ Նահանգներից ժամանում են Վրաստանում գտնվող Փոթիի սևծովյան նավահանգիստ։ Ներկրված մեքենաներից շատերը հետագայում տեղափոխվում են Հայաստան՝ մաքսազերծման համար։ Այս քայլի իմաստն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ նույն մաքսային միության անդամ է, ինչը թույլ է տալիս Հայաստանում մաքսազերծված մեքենաները, կրկին Վրաստանի տարածքով, արտահանել Ռուսաստան՝ առանց կրկնակի մաքսազերծման», - նշում է պարբերականը։

Հայաստանի տնտեսության վրա, ըստ հրապարակման հեղինակների, այս մեխանիզմը դրական է ազդում, սակայն մի թերություն ունի՝ այն, ըստ էության, Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցման մեխանիզմ է։

«Բանն այն է, որ Միացյալ Նահանգները արգելել է թե՛ նոր արտադրված, թե՛ արդեն իսկ օգտագործված մարդատար մեքենաների ներկրումը Ռուսաստան։ ԵՄ ևս արագորեն արգելել էր 50 հազար եվրոյից ավել արժեցող մեքենաների առաքումը Ռուսաստան, հետագայում ընդլայնելով այս էմբարգոն և տարածելով այն ավելի մեծ մեքենաների վրա, որոնց շարժիչի տարողունակությունն ավելին է քան երկու լիտրը», - հիշեցնում է Financial Times-ը։

«Հայաստանի կառավարությունը, պատժամիջոցների շրջանցմանը նպաստելու մեղադրանքները հերքում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ դրանք ընդամենը լուրեր են։ Իրականությունը, սակայն, միանգամայն հակառակն է», - գրում է պարբերականը։

ԱՄՆ պաշտոնյաները մարտ ամսին Հայաստանը ներառեցին այն երկրների ցանկում, որոնց տարածքն օգտագործվում է դեպի Ռուսաստան «արգելված ապրանքները տեղափոխելու նպատակով»։ ԵՄ կողմից հաստատված պատժամիջոցների վերջին փաթեթն էլ ուղղված էր այն երրորդ երկրների դեմ, որոնք օժանդակում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցմանը։ «Մեղավորների թվում նաև Հայաստանում գրանցված կազմակերպություններ կան», - գրում է Financial Times-ը։

Լոնդոնյան պարբերականը, սակայն, խոստովանում է, որ պայքարը հանուն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների կատարման, կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ այն երկրների համար, որոնք շարունակում են բնականոն տնտեսական կապեր պահպանել Մոսկվայի հետ։

«Թեև Արևմուտքը ցանկանում է ուժեղացնել արտահանումների վրա սահմանված վերահսկողությունը, որոշ վերլուծաբաններ մտավախություն ունեն, որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանի ավելի փոքր տնտեսությունների աճի տեմպերի կասեցմանը», - գրում է Financial Times-ը՝ հիշեցնելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վերջերս հրապարակված աշխատանքային փաստաթղթերից մեկը։

Ֆինանսական այս կառույցի մասնագետները դրանում նշել էին, որ այն առևտուրը, որ ծավալվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև Հայաստանի տիպի երկրների միջոցով, պատժամիջոցների շրջանցման աննշան մասն է կազմում, սակայն՝ «միջնորդ երկրների տնտեսությունների համար ներգրավված գումարները բավական մեծ են և կարող են զգալի ներդրում ունենալ նրանց տնտեսական աճի կառուցվածքում»։

Ինչ վերաբերում է հոդվածի բուն հերոսներին՝ մեքենա ձեռք բերելու նպատակով Հայաստան ժամանող ռուսներին, ապա նրանց հրապարակման հեղինակները հանդիպել են ոչ միայն Գյումրիում, այլև Երևանի մերձակայքում՝ Էրեբունիի ավտոշուկայում։

«Անցած շաբաթ օրը, ձնածածկ Արարատին դեմ դիմաց գտնվող այս ավտոշուկայում տարբեր տարիքի ռուսների խմբեր էին քայլում շարված մեքենաների արանքում՝ փորձելով մեքենա գտնել թե՛ իրենց, թե՛ վերավաճառելու համար»։

«Բիզնեսի այս ձևը 90-ականներին էր, որ շատ մեծ ժողովրդականություն էր վայելում։ Հետագայում, ավտոդիլերները մուտք գործեցին ռուսական շուկա և այդ ամենը վերացավ», - Financial Times-ի թղթակիցների հետ զրույցում նշում է ավտոշուկայի ռուս այցելուներից մեկը՝ Ալեքսանդրը։

«Այժմ, սակայն, 90-ականները վերադառնում են», - նշում է թերթի զրուցակիցը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG