Մատչելիության հղումներ

Պատժամիջոցների վերաբերյալ զգուշացումները, այցերը վկայում են, որ Արևմուտքը ավելի կոնկրետ քայլեր է ակնկալում Երևանից. պատգամավոր


Արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանին չաջակցելու Արևմուտքի պարբերական զգուշացումներից հետո հայաստանցի փորձագետներն արձանագրում են՝ սայլը տեղից շարժվում է, կառավարությունը գործնական քայլերի է անցնում, բայց և շեշտում են՝ դրանք ուշացած են։

«Պետք չէ հասցնել ճնշումները մի մակարդակի, որից հետո իրականացնել այդ անհրաժեշտ գործողությունները», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Վերջին ամիսներին նախ Միացյալ Նահանգները, ապա նաև Եվրամիությունը, մատնացույց անելով Արևմուտքից Հայաստան, ապա նաև այստեղից Ռուսաստան արտահանման ծավալների շեշտակի աճը, հորդորում էին չաջակցել Կրեմլին և արգելված ապրանքները Ռուսաստան չհասցնել։ Պաշտոնական վիճակագրությունը խոսուն է. 2022-ին, օրինակ, ԵՄ անդամ պետություններից Հայաստան արտահանման ծավալները շուրջ 1.9 միլիարդ եվրո են կազմել, այնինչ նախապատերազմական 2021-ին այս ցուցանիշը 760 միլիոն էր՝ 2.5 անգամ պակաս։ Ընդ որում, հատկապես աճել է էլեկտրոնային սարքերի ներմուծումը Հայաստան։ Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցները պարբերաբար թարմացնող Արևմուտքը բանավոր հորդորներով չսահմանափակվեց՝ Հայաստանում գրանցված երկու ընկերություններ արդեն իսկ հայտնվել են սանկցիաների տակ, մեկը հենց էլեկտրոնիկայի մեծածախ վաճառքով է զբաղվում, մյուսը՝ քիմիկատների, լաբորատոր սարքավորումների ներկրմամբ։

Արևմուտքը պնդում է, թե այս ընկերություններն աջակցում են ռուսական բանակին Ուկրաինայի դեմ պատերազմում։

Այս օրերին էլ Երևանում են արևմտյան երկրների պատժամիջոցային հարցերի հատուկ ներկայացուցիչները։ ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ՛Բրայենն արդեն հանդիպել է վարչապետ Փաշինյանին։ Կառավարության հաղորդագրության մեջ պատժամիջոցների մասին ուղիղ հիշատակում չկա, սակայն Միացյալ Նահանգների դեսպանատունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ամերիկացի պաշտոնյան պատրաստվում է վարչապետի հետ քննարկել ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը։ Նույն օրակարգով այստեղ է նաև Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության պաշտոնյան։ Հանդիպումների մասին տեղեկություններ, սակայն, դեռ չկան։

Պատգամավոր Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ հաճախակի զգուշացումները և այս այցերը վկայում են, որ Արևմուտքը ավելի կոնկրետ քայլեր է ակնկալում Երևանից. - «Մենք գտնվում ենք մի սահմանային իրավիճակում, գոնե կարողանանք դուրս գալ այս իրավիճակից, որովհետև հակառակ պարագայում մենք լուրջ տնտեսական խնդիրներ ենք ունենալու զարգացման հաջորդ փուլի համար, և սա, այո, կբերի ոչ միայն լուրջ տնտեսական հետևանքների, նաև սոցիալական հետևանքների»։

Պաշտոնական Երևանը մշտապես պնդում է, թե չի օգնում Ռուսաստանին շրջանցել սանկցիաները։ Իշխանությունները, սակայն, ընդունում են՝ արևմտյան պետությունների պաշտոնյաների հետ հանդիպումներում այս հարցը դրվում է հայկական կողմի առջև։

Ի՞նչ է անում կառավարությունը հնարավոր բացասական զարգացումներից խուսափելու համար։ Անցած ամիս ոչ Ռուսաստանի և ոչ էլ պատժամիջոցների անունը չտալով՝ գործադիրը հենց երկակի նշանակության տեխնոլոգիական սարքերի վերաբերյալ որոշում ընդունեց՝ դա ազգային անվտանգության հարց համարելով։ Ըստ Կառավարության՝ բազմաթիվ ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումն ավելի խիստ պետք է հսկվի, այսուհետ նաև համապատասխան թույլտվություններ պետք կգան։ Դրանց թվում են չիպերը, տրանսֆորմատորները, տվյալների փոխանցման սարքավորումները, տեսախցիկները, ալեհավաքները, նավիգացիոն սարքերը և բազմաթիվ այլ ապրանքներ։ Երեկ ընդունած մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը պարզաբանեց, թե ինչպես և ում միջոցով է իրականացվելու հսկողությունը։ Սա, սակայն, օրենսդրական փոփոխություն է, այսինքն՝ դեռ պետք է խորհրդարանի հավանությանն արժանանա։

«Կարծում եմ կառավարության այս քայլերը պատասխանն էին միջազգային հանրության հորդորներին՝ չդառնալու զարտուղի ճանապարհ Ռուսաստանին բարձր տեխնոլոգիական ապրանքների մատակարարման համար», - ասում է տնտեսական Հայկազ Ֆանյանը, ում ղեկավարած ACSES վերլուծական կենտրոնը հաշվարկել է, թե ինչ չափերի են հասնում կառավարության կողմից զգայուն ճանաչված այդ ապրանքների արտահանման ծավալները։

Մասնավորապես, 2022-ին դրանց արտահանումը 140-ից 150 միլիոն դոլար է կազմել, դրանց զգալի մասը՝ շուրջ 58 տոկոսը հենց Ռուսաստան է հասել։

«Սա, ըստ էության, կհանդիսանա միջոց, որով Հայաստանի կառավարությունը կարող է վերասկել այս անվերահսկելի արտահանման գործընթացը։ Կարծում եմ՝ սա որոշակի մեզ համար ալիբի կապահովի հետագա ժամանակահատվածում», - նշեց նա։

Ինչպե՞ս կարձագանքի գործադիրի որոշմանը Ռուսաստանը, տնտեսագետի գնահատմամբ՝ սա Կրեմլի սրտով չի լինի, քանզի սա նաև քաղաքական քայլ է։

XS
SM
MD
LG