Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ. Խաղաղության պայմանագրի անբաժանելի մասը պետք է դառնան ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքները


ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո արմատապես փոխվել են այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության դրությունը, հայտարարում է ՌԴ արտգործնախարարությունը`առանց հավելյալ մանրամասների:

Այսօր տարածած հայտարարության մեջ Մոսկվան միաժամանակ պնդում է՝ «այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է դրվի երրորդ երկրների վրա»։

«Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա», - ընդգծում է ռուսական կողմը, հավելելով` այդ փաստաթղթի «անբաժանելի մասը պետք է դառնան Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանագրերի ամբողջ փաթեթի անշեղ իրագործումը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը»։

ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը միաժամանակ հայտարարում է, թե նպատակադրված է ակտիվորեն նպաստել Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, իր հերթին ահազանգելով՝ «այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով, հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից»։

«Պատրաստ ենք առաջիկայում արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպել՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողով Մոսկվայում՝ վերոնշյալ փաստաթուղթը ստորագրելու համար», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ուղիղ դիմելով Ադրբեջանի իշխանություններին՝ ՌԴ արտգործնախարարությունը «խստորեն կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել՝ Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով վերսկսելու, ինչպես նաև էներգակիրներ մատակարարելու տարածաշրջանին»։

Հայտարարությունը հնչում է այսօր Բրյուսելում ընթացող եռակողմ հանդիպման ֆոնին, որտեղ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները բանակցում են Խաղաղության պայմանագրի շուրջ` Եվրոպական խորհդի ղեկավարի միջնորդությամբ:

Երեկ հազարավոր արցախցիներ ապաշրջափակման պահանջով փողոց են դուրս եկել։ Բազմամարդ հավաքից հետո մի խումբ ցուցարարներ վրաններ են տեղադրել ռուս խաղաղապահների գրասենյակի մոտ:

Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները վերջին անգամ հանդիպել են մայիսին, Ռուասաստանի նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը որևէ համաձայնության չեն հասել, որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։

XS
SM
MD
LG