Մատչելիության հղումներ

Atlantic Council. «Ինչո՞ւ Ռուսաստանի և Ադրբեջանի կապերի խորացումը պետք է մտահոգի ԱՄՆ-ին»


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, արխիվ, Սոչի, 31 հոկտեմբերի, 2022թ.
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, արխիվ, Սոչի, 31 հոկտեմբերի, 2022թ.

Երբ հարաբերությունները հասան դաշինքի մակարդակի

Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակում գործելուց հետո Ռուսաստանի բարեկամների թիվը կտրուկ նվազել է: Կարևոր բացառություններից մեկն Ադրբեջանն է:

Փետրվարի 24-ի հարձակումից ընդամենը երկու օր առաջ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրել են քաղաքական-ռազմական հռչակագիր, որի կապակցությամբ Ալիևն ասել է, թե այն «երկու երկրների հարաբերությունները հասցնում է դաշինքի մակարդակի»։

Ամիսներ անց Բաքուն և Մոսկվան ստորագրել են հետախուզական տվյալների փոխանակման համաձայնագիր: Ըստ Atlantic Council ամերիկյան քաղաքական փորձագիտական կենտրոնի, սա աղետալի հետևանքներ է ունեցել Հայաստանի համար, որը 1992 թվականից միանալով ՀԱՊԿ-ին, անվտանգության ասպարեզում սերտ կապեր է պահպանել Ռուսաստանի հետ:

2022 թվականի փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ամիսներ անց՝ սեպտեմբերին, Ադրբեջանը ձեռնարկել է գործողություն, որը Եվրախորհրդարանը որակել է որպես Հայաստանի դեմ «լայնածավալ ռազմական ագրեսիա»: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ, ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 150 քառակուսի կիլոմետր են գրավել:

Այն անհարմար պահը, երբ ՀԱՊԿ-ի փոխարեն Արևմուտքն է օգնել

Սակայն ՀԱՊԿ-ը հրաժարվել է միջամտությունից հօգուտ դաշինքի անդամ Հայաստանի: Այդ պայմաններում Վաշինգտոնն է ձեռնամուխ եղել հրադադարի հաստատմանն, իսկ արևմտյան մյուս դերակարտարը՝ Եվրոպական միությունը, Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանին է ուղարկել դիտորդական առաքելություն, ինչը դժգոհություն է առաջացրել թե՛ ռուսների և թե՛ ադրբեջանցիների մոտ:

Պուտինի և Ալիևի բարեկամությունն աղետալի է նաև Լաչինի միջանցքի փակումով ամբողջական պաշարման մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 120 հազար բնակիչների համար:

Նրանց անվտանգությունը 44-օրյա արյունալի պատերազմում հայկական կողմի կրած պարտությունից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պետք է ապահովի Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում 5 տարով տեղակայված 1960 հոգանոց ռուսական խաղաղապահ զորախումբը:

Բայց չնայած ռուս զինվորների ներկայությանը, Բաքուն ամեն բան անում է հայերին Ղարաբաղից վտարելու համար: Նախ ադրբեջանական կողմը ճանապարհը փակել է, վկայակոչելով ինչ-ինչ «բնապահպանական» հանգամանքներ: Դա մարդասիրական ճգնաժամ է առաջացրել:

Բաքուն Լաչինի հարցում անտեսել է միջազգային համայնքի կոչերը

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Human Rights Watch-ը, տասնյակ երկրների օրենսդիր և գործադիր իշխանության, ինչպես նաև միջազգային հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և, վերջապես, Միջազգային դատարանը Բաքվին կոչ են արել անհապաղ դադարեցնել Լաչինի ճանապարհի շրջափակումը:

Կոչերն անտեսվել են, և ի վերջո Ադրբեջանը միակողմանի վճռով ճանապարհին անցակետ է տեղադրել: Ռուսաստանն այս ընթացքում բավարարվել է զսպվածություն դրսևորելու և իրավիճակը չսրելու հորդորներով, հավատացնելով, թե ամեն բան անում է անդորր ապահովելու համար:

Atlantic Council-ի վերլուծության հեղինակն իրավապաշտպան, ՄԱԿ-ի նախկին իրավախորհրդատու և այժմ միջազգային իրավունքի ավագ գիտաշխատող Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտում Շեյլա Փայլանն է:

«Ղարաբաղը վերածվել է բացօթյա բանտի»

Նրա կարծիքով, անցակետի տեղադրումը կատարվել է Կրեմլի լռելյայն համաձայնությամբ: «Անցած յոթ ամիսների ընթացքում Ղարաբաղը վերածվել է բացօթյա բանտի, որում պահվող հայերը հետզհետե զրկվում են սննդից և դեղորայքից:

«Նրանք շուտով գուցե ստիպված կլինեն հանուն փրկության լքել իրենց նախնյաց հայրենիքը»,- ասվում է վերլուծությունում:

Ի՞նչ պետք է և ի՞նչ չպետք է անի Միացյալ Նահանգները տվյալ պայմաններում: Մայիսին Ալիևը Լեռնային Ղարաբաղի իշխանություններին առաջարկել է հանձնվել, խոստանալով ներում շնորհել, եթե նրանք ենթարկվեն Ադրբեջանին:

Ինչո՞ւ Վաշինգտոնը չի արձագանքում Ալիևի սպառնալից հայտարարություններին

Զարմանալի է, բայց ԱՄՆ արտաքին գերատեսչությունը բարձր է գնահատել համաներման մասին Ալիևի առաջարկը և անտեսել նրա ելույթի այն հատվածը, որտեղ նա հայերին բռնությամբ է սպառնում:

Վաշինգտոնի այդ «նրբանկատությունը» Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիա գործելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ իրականում վնասում է հենց ԱՄՆ-ին, որը ռուսական վնասակար ազդեցությանը և Ուկրաինայի դեմ Մոսկվայի պատերազմին վերջ դնելու ջանքեր է գործադրում:

Ռուս-ադրբեջանական պայմանագիրը նախատեսում է տնտեսական կապերի ընդլայնում, այդ թվում՝ գազի և էներգետիկայի ոլորտներում:

Բաքու, Մոսկվա, Թեհրան, խոշոր առևտուր

Դա նպաստում է ռուսներին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում: Բաքուն և Բրյուսելը 2022 թվականի հուլիսին կնքել են գործարք, որով գազի հոսքը դեպի Եվրոպա կրկնապատկվում է, իսկ դրան հաջորդել է նոյեմբերին Բաքվի և Մոսկվայի գործարքը, որով Ադրբեջանն ավելացնում է ռուսական գազի ներկրումը:

Ակնհայտ է, որ միայն այդպես՝ ռուսական գազի հաշվին, Բաքուն կարող է կատարել վառելիքը Եվրոպա հասցնելու պարտավորությունը:

Մայիսի 17-ին նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էնրահիմ Ռայիսին կնքել են համաձայնություն Ռաշթ-Աստարա երկաթուղին ավարտին հասցնելու մասին: Այն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանը կկապի Պարսից ծոցի հետ:

Դա կդառնա երթուղի, որով Իրանը կկարողանա անմիջապես Ռուսաստան փոխադրել մեծ քանակությամբ զենք, այդ թվում՝ մարտական անօդաչուներ:

Դրանից մեկ շաբաթ անց Իլհամ Ալիևն առաջին անգամ մասնակցել է ԵԱՏՄ գագաթնաժողովում, որտեղ Պուտինը հայտարարել է, թե Հյուսիս-Հարավ երկաթուղու զարգացումն «իրականացվում է Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ»։

Բաքուն կարողանում է խաղալ երկու ուղղություններով, քանի որ, մի կողմից, վայելում է Մոսկվայի աջակցությունը և, մյուս կողմից, գիտի, որ Եվրոպային էներգակիրներ են պետք:

Բաքվի վրա ազդելու արևմտյան հնարավոր լծակները

Եթե Արևմուտքը ցանկանում է մեղմել լարվածությունն Անդրկովկասում, ապա պարտավոր է ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա:

Կարճաժամկետ հեռանկարում դա կարող է ենթադրել պատժամիջոցների սպառնալիք՝ ի պատասխան Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիային, Լաչինի միջանցքը փակ պահելուն և Ռուսաստանին աջակցություն ցուցաբերելուն։

Օրենքի համաձայն, Ադրբեջանը չի կարող ԱՄՆ-ից ռազմական կամ այլ օգնություն ստանալ, քանի դեռ չի հրաժարվում Հայաստանի հետ հարցերն ուժով լուծելու սպառնալիքից, բայց Սպիտակ տունը շարունակում է Ադրբեջանին սատարել և անտեսում է 1992-ին ընդունված Ազատության աջակցության ակտի 907 բանաձևից: Այս ավելի քան երկու տասնամյակում Ադրբեջանը Միացյալ Նահանգներից ավելի քան 800 միլիոն դոլարի օգնույուն է ստացել:

Վաշինգտոնը Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ ապօրինի է համարում և գնահատում է որպես որոշումներ ուժով պարտադրելու փորձ:

Նույն կերպ, ըստ Շեյլա Փայլանի, Վաշինգտոնը պետք է գնահատի նաև Բաքվի գործելակերպը Երևանի նկատմամբ:

Ռուսական մուրճի և ադրբեջանական զնդանի արանքում

Հայաստանն, իր հերթին, փորձել է անվտանգային ասպարեզում հրաժարվել Ռուսաստանի հետ որոշ պայմանավորվածություններից:

Գործնական օգնություն չստանալով ՀԱՊԿ-ից՝ Երևանը չեղարկել է իր տարածքում այդ կազմակերպության զորավարժությունները, մերժել է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը:

Երևանյան գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել Հայաստանին ՀԱՊԿ-ի օգնություն տրամադրելու հռչակագիրը և մերժել է ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, նախապատվությունը տալով Եվրամիության դիտորդներին:

Փաշինյանը նույնիսկ մի քանի առիթներով նկատել է տվել, որ Հայաստանը կարող է սառեցնել անդամակցումը ՀԱՊԿ-ին, նշելով, որ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ը՝ Հայաստանից»:

Արևմուտքը պետք է իրական օգնություն տրամադրի

Սակայն Արևմուտքի կողմից ողջամիտ չի լինի ենթադրել, որ հնարավոր է Հայաստանին չօգնել զգալիորեն դիվերսիֆիկացնել և մեղմել Կրեմլից կախվածությունն անվտանգության, էներգետիկայի և տնտեսության բնագավառներում և միաժամանակ ակնկալել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Միացյալ Նահանգները կարող է, օրինակ, քննարկել «ՆԱՏՕ-ի կազմ չմտնող հիմնական դաշնակցի» կարգավիճակ Հայաստանին շնորհելու հարցը:

Վաշինգտոնը պետք է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման համար ուսուցում և սարքավորումներ տրամադրի և օգնի երկրին ստեղծել ավելի ամուր և անկախ անվտանգության համակարգ:

Միացյալ Նահանգները կարող է նաև առաջ մղել Հայաստանում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման գաղափարը, որը կամրապնդի էներգետիկայի բնագավառում ռուսների հետ գործընկերությունից հրաժարվելու հայկական կողմի դիրքը:

Ապահովել Ղարաբաղում միջազգային ներկայություն

Արևմուտքն ակտիվացրել է իր դիվանագիտական ջանքերը և փորձում է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:

Դա ինքնին լավ գաղափար է, սակայն այն չի կարելի կյանքի կոչել Լեռնային Ղարաբաղում ծավալվող մարդասիրական աղետի գնով:

Ժամանակն է պարտադրել Բաքվին վերջ տալ ռազմատենչ հռետորաբանությանը և համաձայնել Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայությանը, որը պետք է միջնորդի բնակիչների հետ երկխոսությունում և նպաստի պատերազմից տևական խաղաղության առավել իմաստալից անցմանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG