Մատչելիության հղումներ

Եվրոպական 5 պետություններ կներկայացնեն իրենց համատեղ ծրագիրը՝ Ադրբեջանից հավելյալ գազ ստանալու վերաբերյալ


Մոտ մեկ ամսից՝ փետրվարին, եվրոպական հինգ պետություններ՝ Ավստրիան, Հունգարիան, Սլովակիան, Ռումինիան ու Բուլղարիան, Բաքվում կներկայացնեն իրենց համատեղ ծրագիրը՝ Ադրբեջանից հավելյալ գազ ստանալու վերաբերյալ։ Նախագիծն առաջարկում է Ադրբեջանին օգտագործել այդ երկրների արդեն իսկ գործող խողովակաշարերը՝ նոր ենթակառուցվածքներ ստեղծելու կամ փնտրելու փոխարեն։

«Դա հնարավորություն կտա սկսել գազի առաքումը անմիջապես», - ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, ընդգծելով՝ համաձայնությունը ձեռք է բերվել անցած հուլիսին Ադրբեջանի նախագահի ու Եվրահանձնաժողովի ղեկավարի միջև:

«Պարոն Ալիևի և տիկին ֆոն դեր Լայենի միջև ստորագրված փաստաթուղթը ենթադրում է նոր մոտեցում, ինչի շնորհիվ տարիներ սպասելու փոխարեն մենք կարող ենք անմիջապես ուղարկել ադրբեջանական գազը՝ օգտագործելով մեր երկրների ենթակառուցվածքային ցանցը։ Այս ճանապարհով ադրբեջանական գազը կհասնի Կենտրոնական, Արևմտյան ու Հարավային Եվրոպա՝ առավել արագ ու վստահելի»:

Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բաքվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բաքվում

Ադրբեջանից հավելյալ գազ ստանալու համար Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը անցած տարի անձամբ էր մեկնել Բաքու։ Բանակցությունների ավարտին եվրոպացի պաշտոնյաները գոհունակությամբ հայտարարեցին, թե Ալիևի հետ գործարքը թույլ կտա կրճատել Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից։

Բռնապետ առաջնորդի հետ Եվրոպայի համաձայնությունը նախ իրավապաշտպանները քննադատեցին։ Հիմա էլ տնտեսագետներն են Բրյուսելի համար անհարմար հարցեր բարձրացնում։

«Իմ հարցը էներգակիրների մատակարարման վերաբերյալ է, և ուղղում եմ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությանը։ Անցած ամռանը Ֆոն դեր Լայենը պատճառաբանում էր, թե մենք ուզում ենք կրճատել կախվածությունը ռուսական գազից։ Բայց հիմա, պարզվում է՝ Ադրբեջանն ինքը պայմանագիր է կնքել ռուսական «Գազպրոմ»-ի հետ, որպեսզի մեկ միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ ստանա։ Սա նշանակում է, որ ի վերջո ռուսական այդ գազը հասցվելու է Եվրամիություն՝ Ադրբեջանի միջոցով, կարո՞ղ եք դա բացառել», - անցած նոյեմբերին հարց էր ուղղվել Գերմանիայի կառավարությանը։

Արտգործնախարարության ներկայացուցիչը ոչ հերքել էր, ոչ էլ հաստատել պնդումը, նկատելով, թե հարցը պետք է ուղղել գործարքը բանակցողին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Լրագրողը հավելյալ հարց էր տվել․ - «եթե Ադրբեջանը Ռուսաստանից մեկ միլիարդ խորանարդ մետր գազ է գնում, մտցնում է իր համակարգ, հետո այդտեղից գազ մատակարարում Եվրամիությանը, այդ թվում՝ Գերմանիային, մեծ է հավանականությունը, եթե ոչ հաստատ է, որ այդ երթուղով ռուսական գազը հասնում է այստեղ»։

«Կարո՞ղ եք դա բացառել Դուք, անշուշտ, ճիշտ եք, այս դեպքում ոչինչ չենք կարող բացառել։ Ունենք գազի համաշխարհային շուկա, և հեղուկ գազի դեպքում, օրինակ, դրա ծագման հստակ վայրը չի կարող ճշգրիտ որոշվել», - արձագանքել էր դաշնային կառավարության ներկայացուցիչը։

Eurasianet-ը շաբաթներ առաջ էր դեռ գրել, որ Ադրբեջանն իր սեփական ուժերով չի կարող կատարել Բրյուսելի առջև ստանձնած պարտավորություններն ու Եվրոպային հավելյալ գազ մատակարարելու համար ստիպված է լինելու այլ աղբյուրներ փնտրել։

Ադրբեջանական «Շահ-դենիզը» շահագործող կոնսորցիումին մոտ կանգնած աղբյուրը, մասնավորապես, հաստատել էր, որ հանքավայրից հավելյալ գազ արդյունահանելու պայմանագիր մինչ այս պահը չի քննարկվել, և ուժի մեջ է նախապես համաձայնեցված տասը միլիարդ խորանարդ մետրը։ Այս ֆոնին էր, որ Ադրբեջանը անցած տարեվերջին պայմանագիր կնքեց ռուսական «Գազպրոմ»-ի հետ՝ մոտ մեկ միլիարդ խորանարդ մետր գազ ներկրելու մասին։

Ստացվում է՝ Ռուսաստանը այդուամենայնիվ, վաճառում է գազն ու շահույթ ստանում՝ չնայած պատժամիջոցներին, Ադրբեջանն էլ ռուսական գազը օգտագործում է ներքին շուկայում, իսկ ավելցուկը վաճառում Եվրոպային՝ դառնալով վստահելի գործընկեր։

«Շահում է Պուտինը, շահում է Ալիևը», - օրերս գրել էր գերմանական «Բիլդը»՝ ընդգծելով, - «երկու բռնապետ առաջնորդներ, որոնց նմանությունները ակնհայտ են․ Պուտինի պես Ալիևն էլ պատերազմ է սանձազերծել հարևանի դեմ, և Պուտինի պես, նա էլ չի խորշում խաղաղ բնակչությանը ձմռան շեմին թողնել առանց գազի, և անգամ նրանց սննդի մատակարարման միակ ճանապարհն է փակել։ Չնայած դրան՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը անցած դեկտեմբերին գործարք կնքեց Ալիևի հետ՝ մաքուր էլեկտրաէներգիայի վերաբերյալ։ Մաքուր կլիմայի, բայց՝ ոչ բարոյականության առումով»։

XS
SM
MD
LG