Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դեմ չէ, որ միջազգային դերակատարները միջնորդական ջանքեր գործադրեն Հայաստանի և Ադրբեջանի միջև. Լավրով


Ռուսաստանը դեմ չէ, որ միջազգային դերակատարները միջնորդական ջանքեր գործադրեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստում։

«Մենք դեմ չենք, որ այլ միջազգային խաղացողներ փորձեն իրենց կարողությունը միջնորդական ասպարեզում»,- ասել է Լավրովը, միաժամանակ զգուշացնելով. - «Կարևորն այն է, որ այդ միջնորդությունը նպատակ ունենա երաշխավորել պայմանավորվածությունները, որոնք հավասարակշռված կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, հայկական ու ադրբեջանական պետությունների շահերը»։

Լավրովը կրկին պնդել է, թե Արևմուտքը «հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը նպաստելու անկեղծ ցանկություն չունի», և հույս հայտնել, որ «դա հասկանում են թե՛ Երևանում, թե՛ Բաքվում»։

«Ցավոք, ԱՄՆ -ի ու ԵՄ-ի կողմից ձեռնարկվող քայլերում մենք տեսնում ենք ոչ այնքան համաձայնությունների կայացմանը օգնելու, որքան տարածաշրջան ներթափանցելու, ՌԴ-ի օրինական շահերը ետ մղելու ցանկություն»,- ասել է Լավրովը, հավելելով, թե այդ ջանքերը վկայում են «ՆԱՏՕ-ի և Եվրամիության սահմաններից շատ հեռու գտնվող տարածաշրջաններ ընդարձակվելու Արևմուտքի նկրտումների մասին»։

«Մեր դաշնակիցները թե՛ Երևանում, թե՛ Բաքվում, հուսով եմ, դա հասկանում են, համենայն դեպս, մենք անկեղծորեն քննարկում ենք նրանց հետ այս ամենը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը վերստին ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները պետք է հիմնվեն բացառապես այն եռակողմ համաձայնությունների կատարման վրա, որոնք ստորագրվել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև։

«Այդ պայմանավորվածությունները վերաբերում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի տնտեսական ու տրանպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը», - շեշտել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG