Վաղը Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար կրակոցներ են հնչում։
Պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ այս գիշեր ադրբեջանական ուժերը կրակել են Արարատի մարզի Պարույր Սևակ ու Գեղարքունիքի Ջիլ գյուղերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ցերեկն էլ Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանն է դարձյալ ադրբեջանական թիրախում հայտնվել, տուժածների մասին չի հաղորդվում։
Բաքուն, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում գիշերը Նախիջևանի ուղղությամբ կրակոցների համար։ Այս հատվածում Ադրբեջանին սահմանակից է Պարույր Սևակ գյուղը, այն ունի 720 բնակիչ։ Վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը պատմում է՝ կրակոցներն իրենց համար սովորական են, հիմնականում թիրախում ոչ թե գյուղն է, այլ հայկական դիրքերը։
«Ձայներն են մենակ կրակոցների, ժողովուրդն էլ ոնց որ սովորել են էլի արդեն», - «Ազատությանն» ասաց նա։
Անցնող շաբաթվա ընթացքում Պաշտպանության նախարարությունը սահմանային 7 միջադեպի մասին է հաղորդել՝ Գեղարքունիքի, Սյունիքի ու Արարատի ուղղություններով։ Երկու օր անընդմեջ լարված է եղել հատկապես Սյունիքի Տեղ գյուղում, հենց այս հատվածում նախօրեին երկու հայ զինծառայող վիրավորվեց, նախարարությունից փոխանցում են՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, մեկ վիրավոր էլ ադրբեջանական կողմն ունի։
Օրը կրակոցներով ու փոխադարձ մեղադրանքներով է սկսվել նաև Արցախում. Ստեփանակերտը հայտնում է՝ առավոտյան ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադարարը՝ կիրառելով նաև ականանետ ու նռնականետ, հայկական կողմը կորուստներ չունի։ Այսօր ավելի վաղ էլ Ադրբեջանն էր Ստեփանակերտին մեղադրել Ասկերանի շրջանի իրենց դիրքերը գնդակոծելու համար։ Պաշտպանության բանակը հաղորդումն ապատեղեկատվություն էր որակել։
Լարվածության աճը սպասվող բանակցություններում Բաքվի մաքսիմալիստական պահանջների մասին է վկայում. Բադալյան
Բրուսելյան հանդիպման ընդառաջ սահմաններին լարվածության աճը, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, սպասվող բանակցություններում Բաքվի մաքսիմալիստական պահանջների մասին է վկայում։
«Միջադեպերը վկայում են Ադրբեջանի ճնշման փորձի մասին և այդ քաղաքականության շարունակության մասին, և բացի միջադեպերից, պետք է նաև արձանագրենք երկու, թե երեք օր առաջ Ալիևի հերթական ելույթը, որը գործնականում էլի վերջնագրային տոնի և շանտաժի տարրերով հագեցած ելույթ էր, որտեղ նա ասում էր, որ Հայաստանը այն հայտարարությունները, որ անում է բանավոր, պետք է ամգարի թղթի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Ըստ մեկնաբանի՝ նման գործողություններով Ադրբեջանը Հայաստանին շանտաժի է ենթարկում. - «Հիմա եթե այդ ռամական շանտաժը, որ սահմաններին տեղի է ունենում, լարվածության ռիսկերը գեներացնելով, ուղեկցում է Ալիևի այլ ելույթների բովանդակությունը։ Եթե դուք չհամաձայնեք մեր պայմաններին, ապա կարող է լինել լարվածություն, բռնկում»։
Սահմանային լարվածության աճ պարբերաբար գրանցվել է նաև հայ-ադրբեջանական բարձր մակարդակի վերջին հանդիպումներից առաջ։