Մատչելիության հղումներ

Կրամատորսկի հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 12-ի


Կրամատորսկի հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 12-ի։ Այսօր առավոտյան փլատակների տակից հանվել է ևս մեկ մահացածի դի։

«Իսկանդեր» հիթիռներով Կրամատորսկին ռուսները հարվածել էին երեքշաբթի երեկոյան։ Արձակված երկու հրթիռներից մեկը խոցել էր քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է քաղաքին հասցված հարվածը՝ միաժամանակ հայտարարելով, թե հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադներից մեկի հրամանատարական կազմի ժամանակավոր տեղակայման կետին։

Գրեթե ամենօրյա ինտենսիվ ռմբակոծությունները չեն կանգնեցնում ուկրաինական հակահարձակումը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքով, ռուս-ուկրաինական ուժերի շփման գիծը կազմում է ավելի քան 1800 կիլոմետր, ականապատ դաշտերի տարածքը՝ ավելի քան 20 հազար քառակուսի կիլոմետր: Ուկրաինական հակահարձակմանը սպասելիս, ռուսները կազմակերպել են պաշտպանության երեք գիծ՝ խրամատներ, բունկերներ։ Չնայած այս ամենին, Պոդոլյակի պնդմամբ, Ուկրաինան հաջողությամբ շարունակում է հակահարձակումը․ - «Սակայն մենք շարժվում ենք ըստ մեր հարձակողական պլանի։ Մեր գործողությունների ինտենսիվությունը և դրանց թիվը աստիճանաբար ավելանում է։ Մեզ պակասում են արկեր ու խոշոր տրամաչափի հրթիռներ։ Մեր ավիացիան դեռ սահմանափակ է, մենք չենք կարողանում խոցել ռուսական մատակարարման ուղիները։ Բայց մենք շարունակում ենք մեր հակահարձակումը և կազատագրենք մեր տարածքները»։

Երեկ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե ուկրաինական բանակի հիմնական ռեզերվը դեռ չի մասնակցում հակահարձակմանը։

Բախմուտի մոտ դարձյալ կատաղի մարտեր են

Այս օրերին կատաղի մարտեր են հատկապես Բախմուտի մոտ, որը ռուսները գրավել էին մեկ ամիս առաջ շատ երկար ու կատաղի մարտերից հետո: Այնտեղ կռվող ուկրաինական բանակի հետախուզական ստորաբաժանման հրամանատար Դենիս Յարոսլավսկին «Ազատության» ուկրաինական ծառայությանն այսօր ասել է, թե ուկրաինական ուժերին հաջողվել է գրավել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք. - «Ուկրաինական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կլեշչեևկան։ Սա ռազմավարական բարձունք է, որտեղից հնարավոր է հարվածել ռուսական զորքերին, և որտեղից ամբողուջությամբ տեսանելի է Բախմուտը»։

Ուկրաինացի հրամանատարի խոսքով, ծանր մարտեր են ընթանում նաև Բերխեևկայի մոտ, և եթե ուկրաինացիներն այստեղ հաջողության հասնեն, ռուսների կողմից վերահսկվող Բախմուտը կհայտնվի շրջափակման մեջ։

Ուկրաինական բանակն այս օրերին շարունակում է առաջխաղացման փորձերը միանգամից մի քանի՝ Մելիտոպոլի, Բերդյանսկի և Բախմուտի ուղղություններով։ Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը այսօր գրել է, որ Բերդյանսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը առաջ են անցել 1300 մետր։

Իսկ ռուսները փորձում են առաջ գնալ Ավդեևկայի և Մարյինկայի ուղղությամբ, ուկրաինական կողմի պնդմամբ՝ անհաջող։

Արևմտյան պաշտոնյաները, փորձագետները այս օրերին հայտարարում են, թե Պրիգոժինի աննախադեպ ապստամբությունը թուլացնելու է ռուսական բանակը։ Ռազմական փորձագետներից շատերի կարծիքով, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումներն ամենամարտունակն էին ճակատում, և նրանց բացակայությունը կարող է ազդել մարտերի վրա։

Մինչդեռ այսօր սոցցանցերում մի տեսանյութ է տարածվում, որում պատկերված են զինվորական համազգեստով մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր պնդում են, թե առաջնագծից դուրս բերված ռուսական «Շտորմ» ստորաբաժանման մնացորդներն են։ Նշվում է, որ տեսանյութը տեսագրվել է հունիսի 28-ին։

«Կատաղի մարտեր են եղել, մեզանից շատերը մնացել են ռազմադաշտում, զոհվել են։ Առաջնագծում մեզ ջուր, սնունդ, զինամթերք չէին տալիս, մենք երեք ժամ ենք հանգստացել և մեզ նորից առաջնագիծ մեկնելու հրաման են տալիս։ Սարսափելի հրամաններ են տրվում, որոնք չպետք է կատարվեն, մեզ ուղղակի զրոյացնում են», - տեսանյութում ասում է զինվորական համազգեստով մի տղամարդ։

Տղամարդը նաև նշում է, որ ինքը և մյուս մարտիկները չեն պատրաստվում կատարել հրամանը և ցանկանում են հանձնվել ռազմական ոստիկանությանը։

XS
SM
MD
LG