Մատչելիության հղումներ

Պատերազմից խուսափելու տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը․ Փաշինյան


«Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել [պատերազմական] կոնվեյերը կանգնեցել», - այսօր 44-օր պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ 2019-ին բանակցային պրոցեսը աշխատանքային մակարդակում ինքն անվանում էր «պատերազմական կոնվեյեր», քանի որ գործում էր հետևյալ տրամաբանությունը՝ «խաղաղությամբ տուր այն, ինչ ես ուզում եմ, այլապես ես այդ նույնը կստանամ պատերազմով»։

«Եվ խնդիրն է եղել հասկանալ՝ ինչպես կանգնեցնել այս կոնվեյերը։ Եվ ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել էդ կոնվեյերը կանգնեցել », - ասաց գործադիրի ղեկավարը։

Փաշինյանը միևնույն ժամանակ նշեց՝ չի ասում, թե պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը։

Ըստ վարչապետի՝ սա կարող էր տեսական հնարավորության ստեղծել նման զարգացումներից [պատերազմից] խուսափելու համար։

«Մենք այդ պահին կարող էինք ասել, որ մենք հրաժարվում ենք Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից և գնայինք այդ ճանապարհով, որը իհարկե չի երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, որովհետև ես խոսեցի պատերազմական կոնվեյերի (հոսքագիծ) մասին, բայց ես ուզում եմ խոսել նաև պատերազմի խաչմերուկների մասին։ Պատերազմի կոնվեյերին, որը մի գծանի է, հաջորդում են պատերազմի խաչմերուկները բանակցային բովանդակության։ Օրինակ՝ պատերազմի խաչմերուկներից մեկը Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք, ըստ էության, և Կազանում ճշգրտված չէին, հետագայում ավելի պակաս էին ճշգրտված, և այստեղ պետք է լիներ որոշակի քննարկում։ Պատերազմի հաջորդ խաչմերուկը Լեռնային Ղարաբաղի, այսպես ասած, հայ և ադրբեջանական համայքնների ներգրավման գործընթացն էր, հաջորդ խաչմերուկը դելիմիտացիայի-դեմարկացիայի հնարավոր գործընթացն էր խաղաղության պայմանագրի», - ասաց Փաշինյանը։

«Սպառազինություն ձեռք բերելու համար փողի խնդիր չի եղել»

Անրդառնալով 2018 -20 թվականներին բանակի մարտունակության խնդրին, Փաշինյանն ասաց, թե ինքը ստացել է հավաստիացում, որ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում հեշտ չի լինելու, բայց Պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրնեը։

Փաշինյանը ևս մեկ անգամ պնդեց՝ բանակի համար սպառազինություն ձեռք բերելու համար փողի խնդիր չի եղել։

Եղել են զինատեսակներ, որոնց իրավունքը լիարժեք ՀՀ-ին չի պատկանել

Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել, ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե բանակը որևէ սահմանափակում ունեցե՞լ է՝ իր կողմից քաղաքական որոշում, որևէ զինատեսակ չգտագործելու։

Փաշինյանն ասաց, որ զինատեսակների հետ կապված ասելիք ունի, բայց դա կարող է ասել դռնփակ ռեժիմով։

Ճշտող հարցին, թե խոսքն «Իսկանդերի՞» մասին է, վարչապետը պատասխանեց․- «Ես փակ հատվածում կխոսեմ»։

«Ընդամենը 30 տոկոս հավանականություն են տվել պատերազմի»

Անդրադառնալով հարցին, թե մինչև 2020-ի սեպտեմբերի 25-ը, համապատասխան մարմինները որքա՞ն են գնահատել պատերազմի հավանականությունը, Փաշինյանը պատասխանեց, թե ընդամենը 30 տոկոս հավանականություն են տվել։

«30 Տոկոս է եղել (պատերազմի) հավանականության գնահատումը, և այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլև մի շարք այլ տվյալների, այդ թվում՝ միջզգային գործընկերների հետ ունեցած շփումներից»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Փաշինյանը հավելեց՝ ինքն անձամբ էդ գնահատականի հետ էդքան էլ համաձայն չէր։

Ի՞նչ կլիներ, եթե երեք նախագահները դիմեին Փաշինյանին

Ի՞նչ կլիներ, եթե նախկին երեք նախագահները դիմեին, որ «գնանք միասնաբար ճիշտ ճանապարհով», Անդրանիկ Քոչարյանի այս հարցին վարչապետը պատասխանեց մեկ բառով՝ «չգիտեմ»։

Դիտարկմանը, թե կարո՞ղ էր միասնականության հիմքով լուծումներ գտնվեին, վարչապետը արձագանքեց․ - «Ես չգիտեմ»։

«Ինձ համար շոկ էր տենել դասալքության կամ դրան նմանվող դեպքերի բավական մեծ ծավալ»

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարց տվեց, ո՞րն է եղել զինված ուժերից վարչապետի ամենամեծ հիասաթափությունը, որն է եղել ամենամեծ բացասական բացահայտումը։ Փաշինյանն ասաց, թե իր համար շոկ էր տենել դասալքության կամ դրան նմանվող դեպքերի բավական մեծ ծավալ։

Քննիչ հանձնաժողովի նախագահը մեկ այլ հարց էլ տվեց՝ կապված Շուշիի հետ՝ Նոյեմբերի 9-ի դրությամբ զինված ուժերում կար 117 հազար անձնակազմ, ինչպե՞ս 117 հազարից չգտնվեց 5 հազար մարդ, որը կպահեր Շուշին, վարչապետը պատասխանեց՝ այդ դրվագով, նկատի ունենալով Շուշին, դատարանում կա գործ, ապա խոստացավ դռնփակ նիստում այդ մասին խոսել։

«Ինձ զեկուցվել է, որ Շուշիում մենք զինվոր չունենք, ես հարցրել եմ ինչո՞ւ և ստացել եմ պատասխան, որը դռնփակ ռեժիմով պատրաստ եմ հրապարակել», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանը 2021-ի փետրվարի 25-ի զինվորականների քայլում արտաքին հնարավոր հետք տեսնում է

Անդրադառնալով 2021 թվականի փետրվարի 25-ին զինվորականների քայլին, վարչապետն ասաց՝ այո՛, այդ պրոցեսների մեջ արտաքին հետք, որպես վարկած, տեսնում է՝ չբացառելով, որ եղել են մարդիկ էլ, որ պահի՝ հրամանի ազդեցության տակ են գործել։

Անդրանիկ Քոչարյանն էր հետաքրքրվել Փաշինյանից, թե «2021-ի փետրվարի 25-ին զինվորականների կազմակերպած քայլը իրենից ի՞նչ էր ներկայցնում և արդյո՞ք դրանում տեսնում է իր կողմից նշված «5-րդ շարասյան» գործունեությունը, որին զոհ գնացին բավականին շատ ազնիվ զինվորականներ»։

«Եթե նկատի ունեք, թե արդյոք ես այդ պրոցեսների մեջ արտաքին հետք տեսնում եմ, թե չէ, ես կարող եմ ասել, որ այո՛, որպես, վարկած տեսնում եմ, և եղել են մարդիկ ովքեր պահի, հրամանի ազդեցության տակ են գործել։ Զինվորական հրամանատարն ասում է, որ սենց թուղթ կա սեղանին դրված, պետք է ստորագրել։ Գոյություն ունի զինվորական սուբորդինացիա։ Էս իրավիճակն էլ պետք է հաշվի առնել», - ասաց Փաշինյանը՝ նաև շեշտելով․ - «2020-ի նոյմբերի 9-ից հետո ինչ-որ պրոցեսներ են գնացել, որոնք այնուամենայնիվ էդ վստահությունը խաթարել են, ես չեմ բացառում, որ երկուստեք է եղել ամեն ինչը, բայց ես գիտեմ, թե ինչն է պատճառը, որ գործողություններն են եղել պատճառը, որ ես վստահության խաթարում եմ ունեցել, բայց, անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե իմ որ գործողությունն է, որ պիտի իմ նկատմամբ վստահության խաթարում առաջացներ մեր զինվորական ղեկավարության կողմից»։

Զինված ուժերի գլխավոր շտաբը 2021-ի փետրվարի 25-ին հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշում կայացրեց։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ուղիղ եթերում, պատասխանում է պատգամավորների հարցերին։ Պետական գաղտնիք պարունակող հարցերին վարչապետը կպատասխանի փակ ռեժիմում։

Ընդդիմադիրները կրկին ներկա չեն նիստին։ Նրանք նիստը «շոու» են համարում, որի նպատակը «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG