Մատչելիության հղումներ

Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ. Անդրանիկ Քոչարյան


44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը ղեկավարող, «Քաղաքացիական պայմանագրից» Անդրանիկ Քոչարյանը որևէ մանրամասն չբացահայտեց՝ ավելի քան 6 ժամ տևած նիստին ի՞նչ պնդումներ է արել պատերազմի ողջ ընթացքում Զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարած Օնիկ Գասպարյանը։

Քոչարյանն ընդհանուր խոսեց՝ քննարկել են բոլոր մանրուքները, սկսած՝ պատերազմից առաջ բանակի վիճակից, մինչև սպառազինության, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու հարցեր։

Արդյոք Գասպարյանն այսօր էլ պնդել է պատերազմի ավարտից հետո արած իր հայտնի հայտարարությունը, թե պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է կորուստները ու իրավիճակը և առաջարկել երկու-երեք օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել։

Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հերքեցին, թե բանակի ղեկավարը առաջարկել է անհապաղ կանգնեցնել պատերազմը։

«Ազատություն». - Նա պնդե՞ց իր տեսակետը, ի վերջո Օնիկ Գասպարյանի կարծիքով՝ պարտության մեղավորն ո՞վ է:

Անդրանիկ Քոչարյան. - Նա պնդեց, թե ապագայում բանակն ինչ խնդիրների վրա պետք է կենտրոնացած լինի, որպեսզի այսպիսի անհաջողությունների կամ պարտությունների երբեք չառնչվի:

«Ազատություն». - Բոլորս հիշում ենք Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ի դեպ, դա 2021-ի նախընտրական շրջանում էր, որ Գասպարյանը դեռ պիտի պատասխան տա, թե զորքերն ինչո՞ւ են ուշացումով Շուշի հասել: Այսօր այդ հարցը հնչե՞լ է, և ի՞նչ պատասխան է տվել:

Անդրանիկ Քոչարյան. - Հարցը հնչել է, պատասխանը ստացել ենք, պատասխանի հետ կապված այլ հարցեր են առաջացել, որը մենք կշարունակենք հաջորդիվ պարոն Գասպարյանի հետ մեր հանդիպումներում:

«Ազատություն». - Դա պարոն Գասպարյանի բացթողո՞ւմն է եղել, թե՞ եղել են օբյեկտիվ պատճառներ, այնուհանդերձ Փաշինյանը հնչեցրեց:

Անդրանիկ Քոչարյան. - Այ հենց այդ հարցերի պատասխանն է, որ մենք փնտրում ենք:

ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ-իշխանություն փոխադարձ մեղադրանքներից ամիսներ անց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Քոչարյանը դրվատանքի խոսքեր էր հնչեցնում Օնիկ Գասպարյանի հասցեին։ Նաև ասաց՝ ոչ մեկը նրա չափ ավանդ չունի Զինված ուժերում, գիտելիքներով էլ չի կարող մրցել։

Իսկ երբ Գասպարյանի գլխավորությամբ 2 տարի առաջ զինվորականները պահանջեցին վարչապետ Փաշինյանի հրաժարականը, նույն Քոչարյանը քննադատում էր նրան ու ոչ միայն այդ քայլի համար, այլև պնդում, թե «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան է հաստատել։

Փաշինյանը զինվորականների քայլը գնահատել էր որպես «ռազմական հեղաշրջման փորձ» ու անմիջապես Գասպարյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել։

Հիմա Քոչարյանն ասում է՝ վարչապետի նկարագրածը եղել է, բայց դրանից հետո քաղաքականություն չմտած Գասպարյանը համագործակցում է իրավապահների հետ պարտերազմին առնչվող գործերով։ Իրավապահները պատերազմից ավելի քան 2 տարի անց չեն հայտարարել, որ Օնիկ Գասպարյանը որևէ գործով անցնում է։

«Իմ միակ ափսոսանքը, որ Օնիկ Գասպարյանին պետք է իրենք չտանեին այդ դաշտ, քաղաքական դաշտի մասին է խոսքը, Օնիկ Գասպարյանը նույնիսկ մեր անհաջողություններից կամ պարտությունից հետո հսկայական անելիք ուներ Զինված ուժերում», - ասաց Քոչարյանը:

«Ազատության» հարցին, թե «հաշվի առնելով Օնիկ Գասպարյանի մասին Ձեր այսօրվա դրվատանքի խոսքերը՝ հնարավո՞ր է, որ Օնիկ Գասպարյանն ապագայում նորից վերադառնա Հայաստանի զինված ուժեր, իշխանությունն ունի՞ այդպիսի պլաններ», Քոչարյանը պատասխանեց. - «Ես չգիտեմ՝ կվերադառնա, թե չի վերադառնա կամ կցանկանա վերադառնալ, թե չէ, բայց որ Օնիկ Գասպարյանը, ես հասկացա, որ ինքը ի վիճակի է ոչ միայն անել վերլուծություններ, արձանագրի փաստեր, այլ նաև իր անցած ճանապարհով կարող է նաև մեր կրթական ծրագրերի մեջ ունենա իր ուրույն մասնակցությունը»:

Ինքը կմիջնորդի՞, որ Գասպարյանը վերադառնա, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. - «Աշխատանքի ավարտից հետո կտեսնենք, թե ինչ եզրակացության վրա կկանգնենք»:

Օնիկ Գասպարյանը լավատեղյակ էր, որ լրագրողները սպասում են փակ նիստի ավարտին՝ հարցեր տալու համար, բայց նախընտրեց շենքից հեռանալ լրագրողներից գաղտնի։ «Դա հանձնաժողովի նախագահի որոշումն էր», - ասաց Քոչարյանը։

Գասպարյանի հետ հանձնաժողովականները առնվազն մեկ հանդիպում էլ կունենան։ Նրանից առաջ Գլխավոր շտաբի գործող պետն է հանձնաժողով հրավիրվել։

«Ժամանակին ցանկություն է ունեցել նաև պաշտպանության նախարարը, հանձնաժողով լինելու դեպքում, շփում ունենա, և ես իմ առաջարկը, որ մենք պատրաստ ենք, նաև եթե խոչընդոտներ կան, գանք մեկուսարանում շփվենք, ոչ մի խնդիր չկա», - նշեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահը:

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծվեց ռազմական գործողությունների ավարտից 15 ամիս անց միայն՝ 2022-ի փետրվարին։

Մի տարի փաստաթղթեր են ուսումնասիրել, հիմա պաշտոնյաներին հարցեր ունեն, ասում է Քոչարյանը։ Ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել այս հանձնաժողովի աշխատանքին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG