Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը չի բացառում, որ եթե դատարանի որոշմամբ ավագանին ի վերջո համայնքի ղեկավար ընտրելու իրավունք ստանա, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն դառնա։
Ընդամենը մեկ ու կես տարի առաջ ընդդիմադիր ճամբարում եղած Փելեշյանի հետ այսօրվա իշխանությունները սերտ համագործակցում են։ Նա մեկ տարի առաջ վարչապետի որոշմամբ համայնքապետի պաշտոնակատար նշանակվեց։
«Այո, համագործակցում ենք, կարծում եմ, շատ արդյունավետ էլ համագործակցում ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց մարզպետը՝ չբացառելով, որ ՔՊ-ն Փելեշյանին կդիտարկի որպես «սեփական թեկնածու»։
2021-ին տեղի ունեցած ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանը» չէր համակերպվել նորընտիր ավագանիում որևէ մանդատ չունենալու հետ։ Նախորդ գումարման ավագանիում «Լուսավորն» ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն էր։ Բայց պարզ վճիռ ենթադրող այս դատական վեճն արդեն մեկուկես տարի չի հանգուցալուծվում։
Իսկ ավագանին համայնքի ղեկավարի ընտրություն կազմակերպելու իրավունք չունի։ Մեկ շաբաթ առաջ Վճռաբեկ դատարանը վերջնական վճիռ պետք է վճիռ հրապարակեր, ինչից էլ կախված կլինեին ավագանու հետագա քայլերը՝ արդյո՞ք ի վերջո ընտրություններում պարտված «Լուսավոր Հայաստանն» առնվազն մեկ մանդատ ստանալու հնարավորություն կունենար, թե՞ ի վերջո կմերժվեր ընդդիմադիր կուսակցության հայցն ու արգելանքի տակ հայտնված ավագանին կկարողանար համայնքի ղեկավարի ընտրություն կազմակերպել։
Բայց այստեղ էլ այս դատարանն է հապաղում։ Արդեն մեկ շաբաթ Վճռաբեկ դատարանից պնդում են, թե տեխնիկական խնդիրներ ունեն և չեն կարող վճիռը տեղադրել դատական տեղեկատվական համակարգում։
Դատարանից որևէ մեկն «Ազատությանն» այդպես էլ չպատասխանեց, թե ինչպես է պատահում, որ մյուս դատարաններն անարգել վճիռներ են հրապարակում նույն համակարգում, մինչդեռ Վճռաբեկին չի հաջողվում։ Դատավորներից մեկի օգնականը, որ չներկայացավ, պնդեց, թե տեխնիկական խնդիրը միայն Վճռաբեկի համար է առաջացել։
Ո՞ւմ օգտին է այս ձգձգումը
Վանաձորում քաղաքական ուժերը կարծես անվրդով են։ Մարզի ղեկավարը հայտարարում է, թե քաղաքում գործընթացները նորմալ են ընթանում։ Ըստ Արամ Խաչատրյանի, Վանաձորում անգամ արտահերթ ընտրությունների կարիք չկա։ Մեկ ու կես տարում ընդամենը երկու նիստ անցկացրած ավագանին իրեն գոհացնում է. - «Եթե նորմալ աշխատում են և' քաղաքապետը, և' ավագանին, և' քաղաքապետարանի աշխատակազմը, ի՞նչ իմաստ ունի, որ մենք գնանք լուծարման»։
2021-ի ընտրություններից հետո, երբ կալանավորվեց ամենաշատ քվե ստացած նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, ընդդիմադիր երկու խմբակցություններն իրենց 16 մանդատներով բոյկոտեցին իշխանությունների արտահերթ նիստեր անցկացնելու բոլոր նախաձեռնությունները։ Մեկ տարի քաղաքի ժամանակավոր իշխանությունները գործեցին առանց բյուջեի ու մեծ ծրագրեր ֆինանսավորելու հնարավորությունից։
Միայն անցած տարեվերջին Ասլանյանի կողմնակիցներից երկուսը հանկարծ որոշեցին դադարեցնել բոյկոտն ու ներկայանալ նիստերին։ Բոյկոտը դադարեցրած երկու ընդդիմադիրներին՝ Գայանե Քալանթարյանին ու Սեյրան Ղամբարյանին քննադատեց կալանավորված Մամիկոն Ասլանյանը, որ կոռուպցիոն հանցանքի համար է դատվում. - «Պարզաբանումներ կան, պատճառաբանություններ կան, ես էդ մասին գոնե էս պահին տեղյակ չեմ»։
Հայտնի չէ, թե ի վերջո Վանաձորի կիսատ-պռատ գործող ավագանին համայնքի ղեկավար ընտրելու հնարավորություն կունենա՞, թե՞ ոչ։ հայտնի չէ նաև ընդդիմության հիմնական թեկնածուի՝ Մամիկոն Ասլանյանի կալանավայրում մնալու դեպքում ինչպե՞ս կքվեարկեն նրա թիմակիցները։
Իշխանականների հետ ավագանու նիստերին մասնակցող ընդդիմադիրներն ասում են, թե չեն փոխել իրենց դիրքորոշումը՝ իրենց թեկնածուն մնում է Մամիկոն Ասլանյանը, միաժամանակ գոհ են այսօրվա գործող իշխանություններից։
Քաղաքը կառուցվում է՝ ասում են Գայանե Քալանթարյանն ու Սեյրան Ղամբարյանը։
«Ավագանին որոշ չափով, ոչ լիարժեք, բայց գործում է», - ասաց Քալանթարյանը։
«Բայց 22 թվականին ոչ մի լուրջ աշխատանք չի կատարվել քաղաքում, 23 թվականին բավականին խոշոր աշխատանքներ ա կատարվում, ու Էդ ընթացքում պետք չի առայժմ կանգնացնենք։ Էդ ընթացքը կգնա, հետո ոնց կստացի՝ կստացվի», - հավելեց Ղամբարյանը։
Ավագանիում երկու մանդատ ունեցող «Ապրելու երկիր» խմբակցությունը ևս ներկայանում է նիստերին։ Խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն «Ազատությանն» ասաց՝ ներկայիս ավագանին չի ներկայացնում հանրության մեծամասնության կարծիքն ու պետք է լուծարվի։ «Ապրելու երկրի» երկու անդամները, նրա խոսքով, չեն քվեարկի որևէ այլ քաղաքական ուժի օգտին։
Այս սցենարի դեպքում եղած ուժերից որևէ մեկը ընտրության դեպքում հնարավորություն չի ունենա ստանալու ձայների կեսից ավելին։ Ուստի Վանաձորի ավագանին կգնա լուծարման։ Բայց քանի դեռ չկա դատարանի վճիռը, Վանաձորը կշարունակի ղեկավարել իշխանությունների վստահությանն արժանացած նախկին ընդդիմադիր Արկադի Փելեշյանը։