Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանին ընդդիմության բոյկոտի պայմաններում երկրորդ արտահերթ նիստն է գումարում


Վանաձորի ավագանու նիստ, արխիվ
Վանաձորի ավագանու նիստ, արխիվ

Մեկ ու կես տարուց ավելի ընտրված համայնքապետ չունեցող Վանաձորում լուրեր են շրջանառվում, թե ավագանին հնարավոր է մանդատները վայր դնի ու նոր ընտրությունների գնա։ Ընդհուպ քննարկվում է հաջորդ տարի Վանաձորում նոր խոշորացման ու դրանից հետո նոր ընտրություններ կազմակերպելու տարբերակը։

Այս տեղեկությունների վերաբերյալ այսօր փորձեցինք մեկնաբանություն ստանալ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանից՝ ասաց՝ նման տեղեկություններ չունի։

Թեև նոր ընտրությունների մասին լուրերը դեռ չեն հաստատվում, այս ֆոնին օրերս «Ապրելու Երկիր» խմբակցության երկու անդամները, ինչպես նաև նրանց ևս 5 կուսակիցներ հայտարարել էին կուսակցությունից դուրս գալու և կուսակցական գործունեությունը դադարեցնելու մասին։ Այսօր խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն ու նրա գործընկերները հրաժարվեցին, սակայն, պատասխանել «Ազատության» հարցերին՝ ի՞նչն է եղել «Ապրելու երկիրը» լքելու պատճառն ու արդյո՞ք սրանից հետո կհրաժարվեն նաև մանդատներից։

Մինչ այդ Վանաձորի ավագանին շարունակում է ընդդիմության բոյկոտի պայմաններում արտահերթ նիստեր գումարել ու որոշումներ ընդունել համայնքային տարածքներ վաճառելու, հարկերի գծով արտոնություններ տալու, անհատույց գույք տրամադրելու և այլ հարցերի մասին։ Արդեն մեկ ու կես տարի կալանքի տակ գտնվող նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքի 15 անդամներից միայն երկուսն են մասնակցում նիստերին։

Ամիսներ շարունակ ավագանին քվորում չէր ունենում ու նաև արտահերթի հնարավորություն չէր լինում։ Անցած տարեվերջին՝ մեկ տարի առանց բյուջեի աշխատելուց հետո, համայնքապետարանի ժամանակավոր իշխանությունն ստիպված էր բյուջե հաստատել այս տարի արդեն անարգել գործելու հնարավորություն ունենալու համար։ Ընդդիմադիր խմբակցության երկու անդամներ կուսակիցների քննադատությանն արժանացան, բայց եկան նիստերին ու հայտարարեցին, որ բոյկոտը դադարեցնում են հանուն համայնքի զարգացման։

Այսօր արդեն երկրորդ արտահերթն էր։ 35 հարցերի մեջ նախատեսված էր նաև մեկ ու կես տարվա ընթացքում ընդամենը երկու նիստ անցկացրած ավագանու անդամներին ամսական 15 հազար դրամ ծախսերի փոխհատուցման գումար սահմանել։ Օրենքով է, ասաց ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի պաշտոնակատար Վահե Գրիգորյանը. - «Օրինակ, ավագանու անդամները գնում են տարբեր հիմնարկներ, այլ ծախսեր են անում։ Այդ ծախսերի փոխհատուցման համար է նախատեսված։ Օրենքով ավելի մեծ թվեր հնարավոր էր՝ մինչև 60 հազար, մենք 15 ենք առաջարկում»։

Ընդ որում, օրենքը նախատեսում է, որ ավագանու անդամները գումարը կարող են ստանալ առանց ծախսերի հիմնավորման, բայց միաժամանակ պահանջ կա, որ բյուջեից գումար ստացող անդամները պետք է մասնակցեն ավագանու մշտական հանձնաժողովների նիստերին։ Մինչդեռ ավագանին համայնքի ղեկավար չի ընտրել, նաև մշտական հանձնաժողովներ չունի։

Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Լիլիթ Հովսեփյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից, ավագանու 33 անդամների համար ամսական 500 հազար դրամն այլ նպատակներով ծախսել. - «Եթե այս պահին չի քննարկվում համայնքային ծառայողների աշխատավարձի բարձրացում, և մենք ունենք ավելի խորքային խնդիրներ, դրանց համար չունենք ազատ ֆինանսական միջոցներ, ուղղակի նպատակահարմար չեմ գտնում այս հարցը նույնիսկ քննարկել։ 500 հազար դրամով մենք կարող ենք երկու ծայրամասային թաղամասերում երկու մանկապարտեզներ դարձնել անվճար։ Նաև նշեմ, որ ունենք ավագանիներ, ովքեր բոյկոտում են, առհասարակ չեն ներկայանում... Ուղղակի մենք դնելու ենք քվեարկության, դնենք մի կողմ և ոչ մի նպատակով չօգտագործենք»։

Մամիկոն Ասլանյան խմբակցության անդամ Գայանե Քալանթարյանը հակադարձեց՝ նախորդ ավագանիներում ստացել են այս գումարն ու շախսել տարբեր, նաև սոցիալական նպատակներով. - «Բազմաթիվ ծրագրեր են արվել ավագանում այդ միջոցներով նախորդ ավագանիների ժամանակ։ Երաժշտական գործիքներ ենք գնել, ուղևորություն ենք ֆինանսավորել... դա գումար է եղել, որը մենք տնօրինել ենք։ Եվ կարծում եմ, որ դա օրենքի պահանջ է, այն ավագանիները, որոնք աշխատում են և որոշակի ծախսեր են իրականացնում, իրավունք ունեն նաև ստանալ որպես կոմպենսացիա էդ գումարը»։

Ի վերջո ծախսերի փոխհատուցման համար բյուջեից ամսական 15 հազարական դրամ ստանալու նախագծին կողմ քվեարկեցին իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» ու ՀԱՍԿ խմբակցությունները։

Վանաձորում այդպես էլ չի հանգուցալուծվում ընտրովի համայնքապետ ունենալու հարցը։ 2021-ի դեկտեմբերին, տեղական ընտրություններից անմիջապես հետո կալանավորվեց ամենաշատ թվով ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանը։ Նա կոռուպցիոն մեղադրանքներով բանտում է, արդեն մեկ տարի հակակոռուպցիոն դատարանը քննություն է անցկացնում։ Իսկ առանց ընդդիմության մնացած ավագանին դատարանների որոշմամբ իրավունք չունի համայնքի ղեկավար ընտրել։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է դիմել դատարան՝ վիճարկել մեկուկես տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Գործը հասել է վճռաբեկ դատարան, որն արդեն մեկ տարի չի չի որոշում՝ Լուսավորի բողոքը վարույթ ընդունի՞, թե՞ ոչ։ Դրանից է կախված՝ ավագանու հերթական նիստեր գումարելու և համայնքի ղեկավարի ընտրություն անցկացնելու արգելքը կհանվի՞, թե՞ ոչ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG