Հակարիի ադրբեջանական անցակետի ամբողջական արգելափակումից տասն օր անց միայն երեկվանից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերսկսեց Արցախից Հայաստան բուժառուների տեղափոխումը։ Երկու օրվա ընթացքում 31 հիվանդ է տեղափոխվել Երևան, նրանց հետ միասին նաև ուղեկցողներ։
«Երեկվանից վերսկսել ենք բուժառուների տեղափոխումը դեպի Հայաստանի Հանրապետություն Լաչինի միջանցքով։ Երեկ տեղափոխել ենք 15 բուժառու, այսօր տեղափոխել ենք 16 բուժառու։ Այո, կարող եմ նշել, որ երեկվա տեղափոխվածների մեջ այն մարդիկ էին, ում տեղափոխումը տեղի չի ունեցել հունիսի 15-ին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԿԽՄԿ-ի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութերից երևում է, թե ինչպես էին անցակետի ադրբեջանցի ծառայողները երեկ մանրակրկիտ ուսումնասիրում մեքենաները, ստուգում քաղաքացիների փաստաթղթերը։
Արդյոք անցակետով վերականգնվել է նաև ռուս խաղաղապահների ելումուտը, դեռ հայտնի չէ։ «Ազատությունն» այսօր ցերեկը եղել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ կամրջի հայկական հատվածին մոտ տարածքում, Սյունիքի թղթակիցի տեսախցիկն անցակետով անցնող մեքենաների տեղաշարժ չի արձանագրել, երթևեկություն կա միայն կամրջի տակ, այդտեղով միայն ադրբեջանական մեքենաներն են անցնում։
Արցախից առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ բազմաթիվ բուժառուներ դեռ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստան և ետ՝ Արցախ։
Անցակետի փակ լինելու պատճառով շաբաթ օրը ռուս խաղաղապահները ուղղաթիռով էին մեկ տարեկան արցախցի փոքրիկին Երևան տեղափոխել։ Մոնթեն ծայրահեղ ծանր վիճակում, վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ Ստեփանակերտի մանկական բուժհաստատության վերակենդանացման բաժնում էր։ Տեղափոխությունն այնքան էր ձգձգվել, որ նրա մոտ արդեն ցնցումներ էին սկսվել։ «Արաբկիր» բուժկենտրոնից «Ազատությանն» այսօր հայտնեցին, որ փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա։
Հակարիի անցակետը Բաքուն ամբողջական, այդ թվում՝ նաև ռուս խաղաղապահների, հումանիտար փոխադրումների համար փակել էր հունիսի 15-ից՝ հայկական հատվածում ադրբեջանական դրոշի տեղադրման՝ կրակոցներով ուղեկցված միջադեպից հետո։ Մեկ շաբաթ անց էլ ադրբեջանական կողմը ճանապարհը բետոնե արգելապատնեշներով էր պատել։ Արգելապատնեշները դարձյալ տարածքում են, սակայն զիգզագաձև են շարված, հիմա մեքենաների համար անցնելու հնարավորություն կա։
Թե ինչի արդյունքում է Հակարիի անցակետը բացվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների համար, պաշտոնապես չի պարզաբանվում։
Արցախի մարդու իրավուքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ Բաքուն նման քայլի գնացել է միջազգային տարբեր կենտրոնների ճնշման արդյունքում. - «Սրանում միգուցե նաև դեր են խաղացել նախօրեին ԵԽԽՎ-ում ընթացած լսումները և ընդունված բանաձևը և առհասարակ տարբեր պետությունների արտահայտած դիրքորոշումները, սակայն ամբողջությամբ արդյունավետ դրանք գնահատել չեմ կարող, որովհետև որքան էլ որ Կարմիր խաչի միջոցով բուժառուների տեղափոխությունը կամ դեղորայքի ներկրման հնարավորությունը վերականգնվել է, մենք գործ ունենք 120 հազար մարդու հետ, որոնք այսօր զրկված են պարենային որևէ հասանելիությունից, հիգիենայի ապրանքների հասանելիությունից»։
Անցակետը միջազգային կազմակերպության մեքենաների համար բացելու որոշմանը նախորդել էր հունիսի 24-ին Ադրբեջանի արտգործնախարարի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հանդիպումը։ Ջեյհուն Բայրամովն ու Դրագանա Կոջիչը, ինչպես հաղորդել էր պաշտոնական Բաքուն, քննարկվել էին Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի համագործակցության հարցերը, Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը, ինչպես նաև Ստեփանակերտում կազմակերպության աշխատանքը։ Նույն հանդիպմանը Բայրամովը նաև առաջարկել էր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը «օգնելու համար» օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։
«Հատկապես հումանիտար բեռների փոխադրման անհնարինությունը լրջագույն խնդիրներ է ստեղծում Արցախում», - ասաց ՄԻՊ-ը։
Արցախի օմբուդսմենը հայտարարում է՝ 12 օր շարունակ լիակատար շրջափակման պատճառով Ստեփանակերտում ու մյուս շրջաններում արդեն որոշ սննդամթերքներ ու այլ անհրաժեշտ ապրանքներ բացակայում են. - «Խոսքը օրինակ՝ արևածաղիկի ձեթի մասին է, մրգերի ու բանջարեղենի, իսկ Արցախի տեղական արտադրանքը տեղական պահանջարկի հետ ընդհանրապես անհամատեղելի է»։
Քաղաքացիները բացի խանութների դատարկությունից բողոքում են նաև թանկ գներից։ Արցախ նաև գազ, հոսանք չի մատակարարվում։ Ստեփանակերտից «Ազատությանն» այսօր բնակիչները պատմեցին, որ այս օրերին գրեթե նույն իրավիճակն է, ինչ Լաչինի միջանցքի շրջափակման հենց սկզբում՝ կես տարի առաջ։ Այսօր Արցախում նաև կապի խնդիր կար, կապ զրուցակիցների հետ հաստատվել է մի քանի փորձից միայն։