Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի. Եվրոպական խորհրդարանի պաշտոնյա


Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի, այսօր երեկոյան հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, որը մինչ այդ իր 6 հոգանոց պատվիրակությամբ այցելել էր Սյունիք, մոտեցել Հակարիի կամրջին՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

«Ես ուզում եմ վերահաստատել Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է պաշտպանվի և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։ Եվ ես այս ուղերձով կվերադառնամ Բրյուսել՝ փոխանցելով, թե ինչ ենք տեսել ու լսել Հայաստանում», - ասաց Նատալի Լուազոն։

Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամրջի մոտ իրավիճակը սրվեց անցած շաբաթվանից, երբ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշ տեղադրելու ադրբեջանցի սահմանապահների փորձը ձախողվեց հայկական կողմի միջամտությամբ։ Ադրբեջանն արդեն մեկ շաբաթ է՝ արգելում է հումանիտար փոխադրումներն Արցախ։ 7 օր է՝ խաղաղապահների միջոցով Ստեփանակերտ ոչ սնունդ, ոչ էլ դեղորայք է մատակարարվում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ Ստեփանակերտից ծայրահեղ ծանր հիվանդներ չի կարողանում տեղափոխել Հայաստան։ Եվրոպացի պատգամավորը նաև շեշտեց, թե Եվրոպական խորհրդարանն ամբողջովին կողմ է Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին։

«Եվրոպական խորհրդարանը նաև ողջունում է միջազգային ներկայության գաղափարը՝ համոզված լինելու, որ [Լեռնային Ղարաբաղում] ապրող հայերի իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված են։ Մենք նաև կողմ ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ընդունվի։ Եվ կարծում եմ, որ ինչքան շուտ Անվտանգության խորհրդի եվրոպական անդամները պատրաստեն այդ նախագիծը, այնքան լավ կլինի», - ընդգծեց Լուազոն։

Եվրոպացի պատգամավորի խոսքով՝ Սյունիքում բազմաթիվ ռուս խաղաղապահների են տեսել, բայց ոչ Հակարիի կամրջի հատվածում, որտեղ ադրբեջանական անցակետն է։

«2020 թվականի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահների գործառույթն է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև ապահովել անձանց տեղաշարժն ու ապրանքների փոխադրումը։ Առնվազն կարող եմ ասել, որ Լաչինի միջանցքի մուտքի մոտ մենք որևէ նման բանի ականատես չեղանք», - ընդգծեց նա։

Դեպի Արցախ գնացող մեկ բեռնատար անգամ չեն տեսել կամրջի հատվածում, ասաց Լուզոն. - «Երբ մենք Լաչինի միջանցքի մոտ էինք, մենք չենք տեսել անգամ մեկ ռուսական բեռնատար, որը մտնում էր Լեռնային Ղարաբաղ։ Իրավիճակը էլ ավելի է սրվում, ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ոչ էլ ռուսական բեռնատարները չեն կարողանում մտնել։ Հիմա էլ ոչ ոք չի կարող ձևացնել, որ դա էկոակտիվիստների պատճառով է, քանի որ ակնհայտ տեսնում ենք ադրբեջանցի զինծառայողներին անցակետի մոտ»։

Եվրոպացի պաշտոնյան նաև քննադատեց Ադրբեջանին սահմանային միջադեպերի հրահրման համար։ Շեշտեց, որ չկա որևէ ապացույց, որ այդ ռազմական միջադեպերը հայկական կողմն է հրահրել կամ նախաձեռնել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG