Հակարիի կարմջին բետոնե արգելապատնեշի տեղադրումից ժամեր անց պաշտոնական Մոսկվան Բաքվին կոչ արեց ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ շեշտելով, որ նման գործողություններով խախտվում են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։
«Նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի և չեն նպաստում Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացող գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունեն, պաշտոնական Մոսկվան նաև հույս է հայտնել, որ Երևանը «չի մեկուսանա եռակողմ ձևաչափով փոխգործակցությունից»։
«Նրանց գործակցության դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի մթնոլորտի վրա և հանգեցնում է տեղում իրավիճակի սրմանը»,- նշված է հայտարարության մեջ։
«Ընդգծում ենք համապատասխան հանձնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքի կարևորությունը։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն: Կրկնում ենք մեր կոչը երկու կողմերին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերին ամենաբարձր մակարդակով խստորեն պահպանելու կարևորության, Լաչինի միջանցքի տարածքում անվտանգության ապահովման համար զսպվածության և պատասխանատվության գիտակցման վերաբերյալ։ Ռուսական կողմը Բաքվի և Երևանի հետ շփումներում շարունակում է ակտիվ ջանքերը իրավիճակը կարգավորելու համար», - հայտարարել է Զախարովան։