Մատչելիության հղումներ

Որ ՌԴ-ն կարող է «մեկ գիշերվա ընթացքում լքել տարածաշրջանն, այնքան էլ անհավանական տարբերակ չէ, ՀՀ-ն պետք է մտածի հետագա սցենարների մասին»


Որ Ռուսաստանը կարող է մեկ գիշերվա կամ մեկ օրվա ընթացքում պարզապես լքել տարածաշրջանն, ինչպես ռազմական, այնպես էլ ռազմաքաղաքական իմաստով, այնքան էլ անհավանական տարբերակ չէ, կարծում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ շեշտելով՝ Հայաստանը պետք է մտածի հետագա սցենարների մշակման ուղղությամբ։

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանում իրավիճակի ապակայունացումը և Ռուսաստանի թուլացումն արագացող ֆենոմեն է։

«Ամեն օր Ռուսաստանն ավելի ու ավելի արագ է թուլանում, ամեն օր Ռուսաստանում ապակայունացումն ավելի ու ավելի արագ է տեղի ունենում։ Այսօր մենք պետք է մտածենք սցենարների մշակման ուղղությամբ։ Մենք, ճիշտն ասած, դրա մասին դեռ երեկ պետք է մտածեինք, ոչ թե այսօր պետք է մտածենք, սցենարների մշակման ուղղությամբ, թե ինչ քայլերի պետք է դիմի Հայաստանը, եթե անգամ էդ ամենառադիկալ փոփոխությունները շատ կարճ ժամանակահատվածում երևան գան», - ասաց Քոչինյանը։

Հատկապես վերջին կես տարվա ընթացքում՝ Լաչինի միջանցքի փակումից սկսած, Ռուսաստանն ուղղակի խայտառակվում է Լեռնային Ղարաբաղում ու Հարավային Կովկասում՝ ցույց տալով, որ չի կարողանում հավուր պատշաճի իրագործել իր խաղաղապահ առաքելությունը, իր հերթին նկատում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ևս համաձայնելով Քոչինյանի կարծիքի հետ, որ պետք է ցանկացած իրավիճակում և՛ Արցախում, և՛ Հայաստանում, և՛ ընդհանուր տարածաշրջանային զարգացումների հետ կապված սցենարներ լինեն։

Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանին ամենից շատ հարմար է բավականին խառը Ռուսաստանը։

Չbացառելով, որ իրավիճակը Ռուսաստանում կարող է ավելի բարդանալ, Արցախը կարող է հայաթափվել, Հայաստանի դեմ կարող են սկսվել լայնամասշտաբ ռազմական գործողություններ՝ Հայրապետյանը միևնույն ժամանակ ընդգծում է՝ փաստը մնում է փաստ, որ այսօր շրջափակված Արցախում ռուս խաղաղապահներն ինչ-որ օղակ են, որի միջոցով Արցախում ապրող հայերը դեղորայք ու առաջին անհրաժեշտության ապրանքներ են ստանում։

«Ընդհանուր առմամբ, համամիտ եմ, որ պետք է ցանկացած իրավիճակում և՛ Արցախում, և՛ Հայաստանում, և՛ ընդհանուր տարածաշրջանային զարգացումների հետ կապված սցենարներ լինեն, այդուհանդերձ խիստ կասկածում եմ, որ այդպիսիք կան, ցավոք», - եզրափակեց ադրբեջանագետը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG