Մատչելիության հղումներ

Բլինքենի ու Թուրքիայի նոր ԱԳ նախարար Ֆիդանի առաջին հանդիպմանը քննարկվել է նաև հայ-ադրբեջանական կարգավորումը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում կայացած հանդիպմանը անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Սա Բլինքենի և Ֆիդանի առաջին հանդիպումն է։ Նրանք Լոնդոնում մասնակցում են Ուկրաինայի վերականգնման միջազգային երկօրյա համաժողովին, որն ավարտվում է այսօր, և այդ համաժողովի շրջանակում կայացել է նրանց երկկողմ հանդիպումը։

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը նրանք քննարկել են Ուկրաինայի իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և երկկողմ կապերը, ինչպես նաև անդրադարձել են Սև ծովով հացահատիկի արտահանման նախաձեռնությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանը։

Հաքան Ֆիդանը մի շարք երկրների արտգործնախարարների, այդ թվում Ուկրինայի արտգործնախարարի հետ հանդիպումներ է ունեցել, սա նրա առաջին մասնակցությունն է միջազգային համաժողովին, ու այսօր ևս նա հանդիպումներ է ունենալու։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով Ուկրաինայի վերականգնման միջազգային համաժողովում, հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի շուտափույթ կարգավորման օգտին՝ հիմնված Ուկրաինայի ինքիշխանության և տարածքային ամբողջականության վրա։

Նա ասել է, որ Ադրբեջանը պլանավորում է հետագայում ևս ներդրում ունենալ Ուկրաինայի վերականգնման գործում, և հայտնել է, որ առնվազն 10 միլիոն դոլար է տրամադրվում Ուկրաինային, որը ներառում է էլեկտրական սարքավորումների հատկացում և աջակցություն Իրպեն քաղաքի վերակառուցմանը։ Բայրամովը նշել է, որ 2022 թվականի փետրվարից Ադրբեջանն ավելի քան 20 միլիոն դոլարի օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, մտադիր են նաև ականազերծման տեխնիկա հատկացնել։

Լոնդոնում անցկացվող Ուկրաինայի վերականգնման համաժողովին բազմաթիվ երկրների կառավարությունների անդամներից, պաշտոնյաներից բացի, մասնակցում են նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների, գործարար աշխարհի, ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովում Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը ևս 1 միլիարդ 300 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային, մյուս երկրների ներկայացուցիչները ևս տասնյակ, հարյուրավոր միլիոնների եվրո ու դոլար են խոստացել լրացուցիչ հատկացնել Ուկրաինայի վերականգնմանը։

Դեռ մարտին Համաշխարհային բանկը գնահատել էր, որ Ուկրաինայի վերականգնման համար 411 միլիարդ դոլար է անհրաժեշտ, բայց քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, ամենայն հավանականությամբ ավելի մեծ գումար կպահանջվի։

XS
SM
MD
LG