Մատչելիության հղումներ

«Պայքարը կսկսենք, երբ կարողանաք բավականաչափ ռեսուրս հավաքել»․ ընդդիմադիր պատգամավոր


Ընդդիմությունը պայքարը կսկսի, երբ կարողանա բավականաչափ ռեսուրս հավաքել, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե պատրաստ է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել, ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին՝ իշխանությանը հեռացնելու նոր պայքար են սկսում։

«Ազատություն․ - Պարոն Խաչատրյան, եթե ամեն ինչ այդքան վատ է, ինչո՞ւ, Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, հազարավոր մարդիկ փողոցներում չեն։

Խաչատրյան․ - Որովհետև Նիկոլ Փաշինյանը կարողացավ մեր համաերկրացիներին, մեր հայրենակիցներին համոզել, որ եթե ինքը գնա, կսկսի պատերազմ, չնայած ինքը նաև խոստացավ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա, և կարողանում է ուղղակի մարդկանց մանիպուլացնել, որ դուրս չգան փողոց, բայց եթե նայենք մեր երկրում անցկացված բոլոր հանրային կարծիքի ուսումնասիրությունները, ընդդիմության գումարային ռեյտինգն ավելի բարձր է, քան Փաշինյանի ռեյտինգը։

«Ազատություն»․ - Հա՞, պարոն Խաչատրյան։

Խաչատրյան․ - Գումարեք տեսեք։

«Ազատություն»․ - Մեկ, երկու, երեք, «Հայաստան» խմբակցությունը, որոշ դեպքերում, չորս է հազիվ հասնում, «Պատիվ ունեմը»՝ մեկ տոկոս։

Խաչատրյան․ - Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, բայց այդ ընդդիմադիր խմբերի գումարային ռեյտինգն ավելի բարձր է, քան թե իրանը։

«Ազատություն»․ - Իսկ այդ դեպքում ինչո՞ւ ձեզ չհաջողվեց այս տարի փողոցային պայքարով․․․

Խաչատրյան․ - Չհաջողվեց և տեսաք երկիրն ինչ վիճակի առաջ կանգնեց։ Էսօր Հայաստանին ներկայացվող պահանջները շատ ավելի վատն են, քան թե 2022 թվականի ապրիլի վերջ մայիսի սկզբին դրված պահանջները, դա նույնիսկ Նիկոլ Փաշինյանն էր խոստովանում։ Ասում էր՝ «մեզ առաջարկել են կարգավիճակի հարցը մի քիչ իջեցնել», հիմա ընդհանրապես կարգավիճակի մասին չեն խոսում։ Մեր չհաջողվելը բերեց նրան, որ երկիրը կանգնեց էս ծանր վիճակի առաջ։

«Ազատություն»․ - Գուցե որովհետև հրապարակ չեկողներն ասում են՝ «չենք տեսնում ձեր ծրագիրը»։

Խաչատրյան․ - Մենք հստակ, կոնցեպտուալ առումով, ներկայացնում ենք, ասում ենք՝ «էս միակողմանի զիջումները, որին որ դու գնում ես, Ադրբեջանին ավելի լկտի են դարձնում»։ Այսինքն՝ այն հայեցակարգը, որ այս իշխանություններն ունեն, թե «զիջենք փոքրը, որ կարողանանք մեծը պահենք», ո՛չ, հակառակն է ապացուցում։

«Ազատություն»․ - Ամռան առաջին ամիսն ավարտվում է, ե՞րբ եք սկսելու պայքարը։

Խաչատրյան․ - Դա կախված է բազմաթիվ գործոններից, երբ կարողանանք հավաքել բավականաչափ ռեսուրս։

«Ազատություն»․ - Քննարկվում է միասնակա՞ն ճակատով ֆորմատ, ես նկատի ունեմ, մասնավորապես, ընդդիմադիր մյուս խմբակցության հետ։

Խաչատրյան․ - Մենք միշտ ասել ենք, որ «մենք պատրաստ ենք աջակցել և միշտ աջակցել ենք բոլոր ընդդիմադիր շարժումներին»։

«Ազատություն»․ - Բայց հիմա, նկատի ունեմ, միասի՞ն եք քննարկում։

Խաչատրյան․ - Դա տարբերակներից մեկն է, իհարկե, մենք միշտ ասում ենք, որ մենք միշտ պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG