Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը քննադատում են Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները նախկին նախագահներից ստացած բանակցային ժառանգության վերաբերյալ։
Երկրորդ նախագահ Քոչարյանի գրասենյակը հայտարարել է, թե վարչապետը փորձում է բոլոր հնարավոր և անհնար միջոցներով մեղքը գցել ուրիշների վրա՝ գուցե հասկանալով, թե ուր է հասցրել Արցախը և Հայաստանը:
Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը երեկ քննիչ հանձնաժողով էր գնացել մարդկանց նոր զիջումների պատրաստելու. - «Ինքնին այն փաստը, որ ինքը խոսեց հիմա և խոսեց հետևողականորեն աղճատելով իրավիճակը և մգացնելով գույները, ներկայացնելով իրավիճակը անլուծելի, խիստ մտահոգիչ է։ Դա նշանակում է, որ ինքը ինչ-որ հերթական զիջման է գնալու և հասարակության փորձում է դրան նախապատրաստի։ Եվ փորձում է իր համար ալիբի ստեղծել, որ ինքը որևէ բան անել չէր կարող, ինքը ամեն ինչ արեց, բայց իրավիճակը մինչև իր գալը այնքան վատ էր, որ նույնիսկ իր տիտանական ջանքերը, իր պրպտուն միտքը չկարողացան իրավիճակը շտկել»։
Սերժ Սարգսյանի գրասենյակը ևս հայտարարել է, թե Փաշինյանը երեկ մեղքը ուրիշների վրա բարդել է փորձել։
«Արդարացում չունեցող իր պետականակործան քաղաքականությունն արդարացնելու նպատակով ակնհայտ փաստերի միտումնավոր խեղաթյուրումն ավելի է ծանրացնում հանցանքը», - փոխանցել են երրորդ նախագահի թիմից, որին երեկ Փաշինյանը մեջբերում էր, թե 2018-ին ընդամենը մի քանի օր վարչապետ աշխատած Սարգսյանն ինքն է խոստովանել, որ բանակցային գործընթացը կանգնած է, լավատեսություն չի ներշնչում. - «Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք չպետք է հույս փայփայել, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»։
Հանրապետականի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասում է՝ Սարգսյանի օրոք չէ, որ Ալիևը հաջողության հասավ. - «Քսան տարի առաջվա խոսույթների արդյունքում է, որ մենք հիմա ունենք էս բանակցային վիճակը։ Քսան տարի շարունակ Ադրբեջանը նման բաներ էր ուզում ստանալ ու միայն քո օրոք ստացավ։ Եթե Մադրիդյան սկզբունքները էնքան վատն էին, ինչո՞ւ դրանք կան քո բոլոր կառավարության և նախընտրական ծրագրերում, այդ թվում՝ նաև պատերազմից հետո»։
Մամիջանյանն պնդում է՝ թող Փաշինյանը հրապարակի 2019-ին ստացած բանակցային առաջարկը ու պատասխան տա, թե ինչու այն կյանքի չի կոչել. - «Եթե ինչ-որ մեկը գալիս ու ասում է՝ ես բանակցությունները սկսում եմ զրոյական կետից, իմ կետից, այդ պահից սկսած ցանկացած տեղի ունեցածի համար պատասխանատվություն կրում է նման ցնդաբանություն ասողը։ Էնպես որ իր երեկվա երեքուկեսժամանոց խոսույթը անիմաստ էր»։
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանին չեն համոզել Փաշինյանի պնդումները, որ եթե համաձայներ ադրբեջանցի փախստականների Շուշի վերադառնալու տարբերակին՝ պայմանով, որ բնակչության 95 տոկոսը պիտի նրանք լինեին, կարելի էր համարել, որ քաղաքը հանձնված է. - «Կարծես թե հիմա ադրբեջանցիները Շուշիում չեն։ Այն ժամանակ ադրբեջանցիները կվերադառնային Շուշի որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային փոքրամասնություն, Շուշի քաղաքի վրա կծածանվեր Լեռնային Ղարաբաղի դրոշը, ադրբեջանցիները կապրեին Լեռնային Ղարաբաղի գերիշխանությունը ընդունելով... Այսօր Շուշիի վրա ծածանվում են թուրքական և ադրբեջանական դրոշները, Շուշին գոյութենական սպառնալիք է թե' Ստեփանակերտի, թե' ամբողջ Արցախի Հանրապետության համար»։
Ընդդիմադիրները երեկվա նիստը բոյկոտել էին, հաջորդ շաբաթ չեն մասնակցի նաև հարցուպատասխանի փուլին։