Մի քանի օր է Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլյու գյուղի բնակիչները բնապահպանական հարցով բողոքում են, նրանց դեմ ուժ է կիրառվել, բերման ենթարկվածներ կան, բայց երկրի էկոակտիվիստներն այնտեղ չեն երևում, բողոքի ձայն չեն բարձրացնում, ճանապարհ չեն փակում։
Հայաստանի Ճամբարակի շրջանին սահմանակից Գետաբեկի շրջանի այս գյուղի բնակիչները բողոքում են ոսկու հանքի շահագործման դեմ, որի համար թունավոր նյութի ևս մի պոչաբար է կառուցվում։ Ոստիկանությունը գյուղացիներին ուժով ցրել է, հատուկ միջոցներ, արցունքաբեր գազ է կիրառել։
Գյուղի բնակիչ Սուրայա Ալիևան «Թուրան»-ին պատմել է, որ ոսկու հանքի թունավոր նյութերի պոչամբարը բերնեբերան լցվել է, հիմա գյուղի արոտավայրում նոր պոչմաբար է կառուցվում։ Նա ասել է, որ թունավոր նյութերի կուտակումներն ազդում են իրենց առողջության վրա, բայց պետական մարմիններն իրենց բողոքներին ուշադրություն չեն դարձնում, դուրս են եկել բողոքի ցույցի՝ ոստիկաններն ուժ կիրառելով ցրել են իրենց, 10 մարդ է տուժել, 6 մարդու բերման են ենթարկել, տուժածներին օգնություն ցուցաբերելու համար շտապ օգնության մեքենաներ էին եկել։
Երեկ գյուղացիները կրկին դուրս էին եկել բողոքի, երթով շարժվել դեպի ոստիկանական բաժանմունք, պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին, ինչպես նաև դատապարտել են ոստիկանների կոշտ գործողությունները։
Ոստիկանները փակել են նրանց ճանապարհը, ցուցարարների մոտ է դուրս եկել Գետաբեկի շրջանի վարչակազմի ղեկավար Օրխան Մուրսալովը։
Նա սկսել է հանդարտեցնել ցուցարարներին, ասելով, թե գյուղի բնակիչները երբեմն սխալ տեղեկություններ են ստանում, պոչամբարն արդեն 11 տարի կա, մինչև հիմա դժգոհություններ չեն հայտնել, այն իրենից որևէ սպառնալիք չի ներկայացնում, և առաջարկել է սպասել մասնագետների եզրակացությանը։
Ցուցարարները բողոքել են, որ պոչամբարի ստեղծումից հետո գյուղացիների մոտ ավելացել են օնկոլոգիական ու այլ հիվանդություններ։ Չինովնիկն էլ դրական կողմն է նշել՝ ոսկու հանքի շահագործումը տեղացիների սոցիակական վիճակի վրա դրական ազդեցություն է ունեցել, գյուղից 117 մարդ ոսկու հանքը շահագործող ձեռնարկությունում աշխատանքի է տեղավորվել։
Գետաբեկի ղեկավարն ասել է, որ երկրորդ պոչամբար չի կառուցվելու, և խոստացել է, որ հանքի շահագործումն ավարտելուց հետո այդ տարածքն էկոլոգիապես կվերականգնվի ու նորից կվերադարձվի գյուղի տրամադրությանը, սակայն որևէ ժամկետ չի նշել։
Երեկ կայացած այս խոսակցությունից հետո ցուցարների 15 ներկայացուցիչներ Մուրսալովի հետ գնացել են շրջկենտրոն, իսկ մյուսները շարունակել են բողոքի ակցիան։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը հայտնել է, որ հունիսի 20-ին Սոյուդլյուի մի խումբ բնակիչներ անօրինական կերպով միջամտել են արհեստական պոչամբարի կառուցմանը, օրենքը չպահպանող անձանց հետ ոստիկանության աշխատակիցների բացատրական զրույցից հետո նրանց հեռացրել են տարածքից, հետաքննություն է ընթանում։