Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ առկա զարգացումները:
Ըստ Հայաստանի կառավարության՝ Գրիգորյանն ու Կասպշիկն անդրադարձել են մասնավորապես Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարներին:
Հանդիպումից այլ մանրամասներ կառավարությունը չի հաղորդում։
44-օրյա պատերազմից հետո հաղորդակցության ուղիների, ու մասնավորապես, երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր, տարածաշրջանի ապաշրջափակումը նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից է։
Դեռ 2021-ի դեկտեմբերին հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Երկու տարի անց՝ 2023-ի մայիսի 14-ին բրյուսելյան բանակցություններից հետո հայկական կողմը հայտարարեց՝ երկաթուղին պետք է գործի Հայաստանի օրենսդրությամբ, շահագործման հարցում գործնական քայլերի հնարավոր կլինի անցնել միայն բոլոր երաշխիքներից հետո։
Հունիսի սկզբին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խմբերը հանդիպեցին Մոսկվայում։ Պաշտոնական Երևանն ու Մոսկվան կառուցողական համարեցին նիստը՝ նշելով՝ ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերականգման հարցում։ Թե ինչ քայլերի մասին էր խոսքը, չէր հստակեցվում։ Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։
Ինչ ժամկետներում կարող է երկաթուղին գործարկվել, հայտնի չէ, հայկական կողմում դեռ շինարարություն չի սկսվել, իսկ Ադրբեջանը Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու իր կողմում գտնվող հատվածներում շինարարությունը երկու տարի առաջ է սկսել և նախատեսում է Հայաստան եկող երկաթուղու շինարարությունն ավարտել հաջորդ տարի։