Մատչելիության հղումներ

Աֆրիկյան պետությունների ներկայացուցիչները նախատեսում են Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկել խաղաղության իրենց ծրագիրը


Կիևից աֆրիկյան առաջնորդները կմեկնեն Սանկտ Պետերբուրգ, որտեղ պետք է հանդիպեն Ռուսաստանի նախագահի հետ։

Կիևը այսօր ինտենսիվ հրթիռային հարձակման տակ էր։ Երեք մարդ վիրավորվել է։

Ընդ որում, ռուսական կողմը սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Կիևին այն պահին, երբ Կիև է ժամանել աֆրիկյան երկրների պատվիրակությունը՝ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆուսի գլխավորությամբ։

Աֆրիկյան պետությունների ներկայացուցիչները նախատեսում են Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկել խաղաղության իրենց ծրագիրը, որը ներառում է ռուսական զորքերի դուրսբերում, ռուսական մարտավարական միջուկային զենքի դուրսբերում Բելառուսից, Միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինին կալանավորելու հրամանագրի կատարման կասեցում, Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների թուլացում։

«Ռուսական հրթիռները ազդանշան են Աֆրիկայի համար։ Ռուսաստանը պատերազմ է ուզում, ոչ թե խաղաղություն», - Թվիթերում այսօր գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:

Կրեմլի խոսնակը, իր հերթին արձագանքելով այս նախաձեռնությանը, հայտարարել է, թե Պուտինը «բաց է ցանկացած շփման համար»՝ հավելելով, թե Մոկսվայի համար անընդունելի է Ռուսաստանի սահմանների մոտ հակառուսական պոտենցիալ կենտրոնի առկայությունը և Հյուսիսատլանտյան դաշինքի առաջխաղացումը։

Կիևից աֆրիկյան առաջնորդները կմեկնեն Սանկտ Պետերբուրգ, որտեղ պետք է հանդիպեն Ռուսաստանի նախագահի հետ։

Պուտինն այսօր կրկին հայտարարել է, որ պատերազմը Ռուսաստանը չի սկսել. - «Պատերազմն Ուկրաինայում սկսվել է 2014 թվականին ուկրաինական ռեժիմի կողմից՝ Արևմուտքի աջակցությամբ։ Ռուսաստանը փորձում է դադարեցնել այս պատերազմը»։

Ռուսաստանի նախագահը առանց որևէ փաստի պնդել է, թե շուտով Արևմուտքը կդադարի Ուկրաինային զենք մատակարարել։

«Ամեն ինչ դրսից է, երկար չեք պատերազմի», - ասել է Պուտինը՝ շեշտելով, թե Ուկրաինայի զինված ուժերը մեծ կորուստներ են կրում առանց լուրջ հաջողությունների։

Ուկրաինական կողմը, մինչդեռ, հակառակն է պնդում։ Ուկրաինայի զինված ուժերի միացյալ շտաբի պետի խոսնակ Օլեքսնադր Շտուպունը այսօր հայտարարել է առաջխաղացման մասին Դոնեցկի մարզում. - «Ուգլեդար քաղաքի շրջանում ուկրաինացի զինվորները հաջողության են հասել որոշ հատվածներում: Նաև Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հաջողությամբ հարձակողական գործողություններ են իրականացրել Դոնեցկի մարզի Ստուպոչկի բնակավայրից արևելք ընկած տարածքում՝ դուրս մղելով ռուս օկուպանտներին իրենց դիրքերից»:

Ուկրաինական հակահարձակումը բախվում է ռուսների շատ կոշտ դիմադրությանը. Զելենսկի

Նախագահ Զելենսկին, իր հերթին, NBC News-ին տված հարցազրույցում փաստել է՝ Ուկրաինական հակահարձակումը բախվում է ռուսների շատ կոշտ դիմադրությանը. - «Որովհետև Ռուսաստանի համար պարտվել այդ հակահարձակման ըննթացքում, նշանակում է պարտվել պատերազմում։ Ճակատում իրավիճակը ընդհանուր առմամբ դրական է, բայց ծանր»։

Ու թեև Ուկրաինայի դաշնակիցները գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում են Ուկրաինային օգնության նոր փաթեթների մասին, Զելենսկին բողոքում է, որ արևմտյան նոր զինատեսակների դանդաղ մատակարարումը և կործանիչների բացակայությունը օգնում են Ռուսաստանին: Ուկրաինական կողմը, նրա պնդմամբ, դրա պատճառով մարդկային ներուժ ու ժամանակ կորցնում։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը նախօրեին ասել է, թե Ուկրաինան «դեռ չի սկսել» հակահարձակում որպես այդպիսին, և ընդամենը հարձակողական գործողություններ է իրականացնում՝ ռուսական բանակի պաշտպանության թույլ կողմերը բացահայտելու համար։ Պաշտոնապես Ուկրաինայի գլխավոր շտաբը չի հայտարարել լայնամասշտաբ հակահարձակման մասին։ Փորձագետների մի մասը համաձայն է Պոդոլյակի այն պնդման հետ, որ հարձակմանը դեռևս չեն մասնակցում ուկրաինական բանակի հիմնական ներուժը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG