Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, ով նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։
Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի բացմամբ, ապաշրջափակմամբ, ասել է Փաշինյանը՝ շեշտելով՝ հիմնելով կողմերի սուվերենության և իրավազորության վրա, որոնց տարածքներով այդ հնարավոր ենթակառուցվածքներն անցնում են։
Հայաստանի վարչապետը վաստահություն է հայտնել, որ Օվերչուկի հետ այսօր որոշ ասպեկտներ կքննարկեն՝ ընդգծելով՝ ուրախ է այս առիթով հանդիպել Ռուսաստանի փոխվարչապետի հետ։
Վկայակոչելով օրերս Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը՝ Օվերչուկը նախ այն բովանդակալից է համարել, ապա փաստել, որ երկկողմ փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է:
ՌԴ փոխվարչապետը նկատել է՝ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին:
Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր:
Մինչ վարչապետի հետ հանդիպումը ՌԴ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: