Ճանաչել տարածքային ամբողջականությունը, նույնիսկ՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս, դեռ չի նշանակում ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը: Minval.az-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը:
Նա պնդել է, թե Հայաստանը շարունակում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին նույնիսկ 2020 թվականից հետո, «բյուջե է հատկացնում ռազմականացված կառույցներին, որոնք Ղարաբաղը Հայաստանին միացնելու քաղաքականություն են տանում»:
«Այսինքն՝ մենք տեսնում ենք անհամապատասխանություն խոսքի և իրական գործերի միջև, այսինքն՝ անեքսիայի փորձերը չեն դադարեցվում, ուստի Փաշինյանը պետք է պարզաբանի և՛ իր հայտարարությունները, և՛ գործողությունները», - նշել է Զուլֆուգարովը՝ շարունակելով. - «Արդյո՞ք Հայաստանը կդադարեցնի միջամտությունը մեր ներքին գործերին և հարգանքով կվերաբերվի մեր ինքնիշխանությանը: Ուստի չեմ կարող ասել, թե հարցն արդեն լուծված է»:
Ադրբեջանական պարբերականը հարցրել էր. - «Մոսկվայի հանդիպման նախաշեմին Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Հայաստանում որոշակի շրջանակներ դժգոհ են դրանից: Ինչպե՞ս եք գնահատում առաջնորդների հանդիպումը Մոսկվայում և ինչպիսի՞ ակնկալիքներ կան»:
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանի վրա որոշակի ճնշում է գործադրվում: Ընդհանուր առմամբ՝ գործընթացը ընթանում է ճիշտ ուղղությամբ: Տարածքային ամբողջականության հետ կապված՝ կցանկանայի, որ մենք շատ հստակ պատկերացնենք խնդրի էությունը», - ասել է Զուլֆուգարովը:
Նրա կարծիքով՝ բանակցային գործընթացը ցույց է տալիս, որ հայկական կողմը պատրաստ չէ որևէ համաձայնագիր ստորագրել: Մոսկվան առաջարկում է իր միջնորդական ծառայությունները՝ մրցակցելով թե՛ Բրյուսելի և թե՛ Վաշինգտոնի հետ, ասել է Զուլֆուգարովը՝ շարունակելով, թե չի կարծում, որ Մոսկվայում կհաջողվի կարգավորել իրավիճակը, բայց Կրեմլը կձգտի հասնել ինչ-որ էֆեկտիվ արդյունքների:
«Կարծում եմ՝ այնտեղ կշոշափվի կոմունիկացիաների թեման, որտեղ կարող է առաջընթաց լինել, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են, որ այդ կոմունիկացիաներն աշխատեն: Բայց մենք գիտենք Ադրբեջանի պայմանը՝ այդ կապը պետք է աշխատի զանգեզուրյան միջանցքով, և միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել այլ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին», - ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը:
«Մյուս կողմից՝ մենք գիտենք, որ տեխնիկապես այդ ամենը պատրաստ չէ: Գիտենք, որ Բրյուսելում քննարկվել է Եվրամիության ֆինանսական աջակցությունը Հայաստանին՝ Մեղրիի ճանապարհի հատվածը կառուցելու համար: Հայաստանը և Ադրբեջանը տարաձայնություններ ունեն կոմունիկացիաների ֆինանսավորման հարցում, և նաև՝ թե ինչ պայմաններով են Ադրբեջանի քաղաքացիները տեղաշարժվելու երկրի մի մասից դեպի մյուսը՝ Նախիջևան: Հնարավոր է՝ Մոսկվան կփորձի այս ուղղությամբ հասնել որոշակի հաջողությունների», - ասել է Թոֆիկ Զուլֆուգարովը՝ կրկնելով, թե նույնիսկ շրջանակային համաձայնագրի ստորագրում պետք չէ սպասել՝ չնայած Հայաստանի վարչապետի հայտարարություններին: