Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է, կարծում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը։
Վերջին օրերին թե՛ Երևանը, թե՛ Ստեփանակերտը գրեթե ամեն օր հաղորդում են ադրբեջանական կրակոցների մասին: Երեկ էլ պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարություններ են փոխանակել:
Հայաստանի արտգործնախարարությունը, վկայակոչելով հրադադարի խախտումների փաստերը, հայտարարել է, թե առկա են լրջագույն մտահոգություններ, որ Բաքուն հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների համար:
Բաքվից արձագանել են, թե Երևանը ռազմական սադրանքի պատասխանատվությունն իրենց վրա է բարդում և կոչ են արել «հայկական զինված կազմավորումները անհապաղ դուրս բերել Ադրբեջանի տարածքից»:
«Միանշանակ է, որ լարվածությունն աճել է, միանշանակ է, որ Ադրբեջանը հերթական անգամ դիմելով ուժի կամ ուժի սպառնալիքի, փորձում է իր քաղաքական նպատակներն իրականացնել։ Քաղաքական նպատակն այս պահին հստակ ձևակերպված է, դա՝ Պաշտպանության բանակի լուծարումն է կամ վերակազմավորումն է որևէ այլ միավորի, և դրան հասնելու համար Ադրբեջանը, այո՛, պատրաստ է նաև դիմելու ուժային գործողությունների, բռնությունների։ Ամբողջ հարցը հիմա հետևյալն է՝ Հայաստանն այս անցնող երկու-երկուսուկես տարիները օգտագործե՞լ է բավականաչափ իր պաշտպանական կարողությունները վերականգնելու և ինքնապաշտպանական քաղաքական, ռազմաքաղաքական և ռազմական միջոցներ ձևավորելու համար։ Եթե չի ձևավորել, ուրեմն մենք կտեսնենք հերթական անգամ մի իրավիճակ, երբ Հայաստանը՝ բախվելով ուժային գործողությունների, ստիպված է լինելու գնալ զիջումների», - ասաց Քոչինյանը։
Այս ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի հետ նաև միջանցքի հարցն է ակտիվորեն բարձրացնում: Թուրքիայի նախագահ վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին արտասահմանյան այցը կատարել է հենց Ադրբեջան, Բաքվում, ըստ Ալիևի, դարձյալ վերահաստատել են իրենց տեսակետը, որ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»:
Ըստ Քոչինյանի՝ Թուրքիայի նախագահը վերընտրվելուց հետո վերահաստատում է նաև իր լիակատար աջակցությունը Բաքվին:
«Ես, ճիշտն ասած, կկապեի Էրդողանի այցը Բաքու և Ադրբեջանի կողմից վաշինգտոնյան բանակցությունների հետաձգումը։ Ըստ էության, Թուրքիան նորից իր ամբողջական աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։ Թուրքական այս աջակցությունն ու ներդաշնակեցումն էլ ևս մեկ հարց է բարձրացնում, դա միջանցքային տրամաբանությունն է, բայց եթե միջանցքային տրամաբանության մեջ, ես կարծում եմ, դեռ ինչ-որ կոմպրոմիսային տարբերակներ հնարավոր են և, կարծես թե, ինչ-որ առաջընթաց, համենայն դեպս, բանակցությունների ընթացքում կա, ապա Պաշտպանության բանակի հետ կապված խնդիրը շատ ավելի խորն է և խնդիրը շատ ավելի հիմնարար է, որովհետև շատ մեծ մտավախություն ունեմ, որ եթե Պաշտպանության բանակը ցրվի, իրապես կսկսվի շատ լուրջ արտագաղթ Արցախից», - ասաց քաղաքագետը։