Հայաստանի ամենահյուսիսում գտնվող Արփի լճի հարակից յոթ գյուղերը տասը տարուց ավելի է՝ զրկված են հանրային տրանսպորտից։ Այստեղ շուրջ հազար մարդ է ապրում, բայց հեռավորության, քարուքանդ ճանապարհների, թանկ ուղեվարձի պատճառով այս գյուղեր տրանսպորտ չի մտնում:
«Մարդկանց ձեռք չի գալիս այս ճամփով գան, կամ փող ծախսեն, հազար դրամի համար նորից քեզ ներքև տանեն», - ասում են տեղացիները:
Մի կողմից Թուրքիային, մյուս կողմից Վրաստանին սահմանակից այս գյուղերում նախընտրում են խորհրդային մեքենաներ վարել, ասում են՝ դրանք ավելի երկար են դիմանում իրենց անհամար փոսերին. «Ճամփա չունենք, մեր ամենամեծ առաջնահերթ պրոբլեմը ճանապարհն է, որ չունենք, ժողովրդի 50 տոկոսը թողնում է, գնում էս ճանապարհի համար, ճամփա չունենք ձմռանը, գարունն էլ գռուտավոյ ճամփա, հենա մեքենաս ջարդել է»:
Բերդաշենի վարչական ղեկավար Գերասիմ Կույումջյանն ասում է՝ տրանսպորտի չգործելու հիմնական պատճառը հենց անբարեկարգ ճանապարհն է:
«Մի տասը տարի առաջ ավտոբուս կար, շահագործում էինք, հետո չարդարացրեց, մի ավտոբուսի մեջ 2-5 հոգի էին նստում, չէր արդարացնում, դրա համար գծից հանեցին: Պետական ոչ մի տրանսպորտ չի գործում էս մեր տարածաշրջանում: Մեր ճանապարհների խնդիրը 30 տարի չի լուծվում, մերը հանրապետական նշանակության ճանապարհ է համարվում, միջհամայնքային ճանապարհ է, էդ էլ արդեն պետական մակարդակով պետք է լուծվի, մեր ուժերից վեր է», - նշեց նա:
Ամասիայից Բերդաշեն շուրջ 20 կմ է, իսկ Արփի լճի վերջին գյուղ՝ Շաղիկ հասնելու համար ևս 25 կմ անբարեկարգ ճանապարհ պետք է անցնել:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինութան վարչության պետ Խաչատուր Խմձրցյանն ասում է՝ այս պահին 45 կմ ճանապարհահատվածի հիմնանորգման որևէ ծրագիր չկա, ու դեռ պարզ չէ՝ երբ կլինի: Պաշտոնյայի պնդմամբ՝ տրանսպորտի հարցը կլուծվի, երբ մարզում ներդրվի մեկ օպերատորի մեխանիզմը: Իսկ մրցույթն արդեն երկու անգամ տապալվել է, ոչ մի ընկերություն չի ցանկացել քարուքանդ ճանապարհներով գյուղեր տրանսպորտ հասցնել։
Բերդաշենցի Սլավիկ Չափանյանին ամենաշատը բարկացնում են մարզերի համաչափ զարգացման մասին պաշտոնյաների ճառերը. «Համաչափ զարգացման մասին որ խոսում են, սուտ է: Ես սարքում եմ մի հատ շինություն, էդ շինությունը եթե քաղաքում սարքեի, կծախսեի 10 միլիոն դրամ, բայց այստեղ սարքել եմ, ասյ հեռավորության վրա ամեն ինչ բերելով, ավելի շինանյութով, ոչ լավ մասնագետներ ունենալով, բնականաբար կառուցել եմ, արդեն դարձել է 13 կամ 14 միլիոն դրամ: Ես դրել եմ այդ եղած գույքը բանկում գրավ, Ձեր կարծիքով՝ բանկը կվերցնի՞, իհարկե ոչ...էս երկրում չի սահմանվել ընդհանուր միասնական կադաստրային գին, ի՞նչ տարբերություն»:
«Սա ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր է», - ասում է նա՝ ցույց տալով Թուրքիայի կողմը:
«Էստեղից էլ մի 7 կմ էլ Վրաստանն է: Հիմա ի՞նչ է ստացվում, ստեղի բնակչությունը կամաց-կամաց թողնում է, ու մենք ուզում ենք՝ ի՞նչ անենք: Հողը մարդով է պահվում»:
Աշխարհից կտրված, ցուրտ այս գյուղերում ապրելը հեշտ չէ, դրա համար էլ շատերը գնում են, ասում է ծաղկուտցի Վլադիմիրը. «Արդեն կեսը գնացել են, կեսն էլ պատրաստվում են գնալ»: