Առավոտյան աշխատանքից ուշացող կամ օրվա վերջում հոգնած տուն շտապող քաղաքացիներն այլևս չեն ուզում լսել թվեր, թե քանի ավտոբուս է բերվել Երևան, քանիսը կբերվի և այլն։ Իշխանությունների այս խոստումներին զուգահեռ մարդիկ դեռ շարունակում են վճարել 100 դրամ ու երթևեկել կանգնած, սեղմված կամ ավտոբուսի դռներից կախված։
Երեկ երեկոյան ենք զրուցել կանգառում իրենց ավտոբուսին սպասող քաղաքացիների հետ, փորձում էին երթուղայիններում նստելու տեղ գտնել ու տուն հասնել։
«Ժամանակ ա լինում քառասուն րոպե սպասում ենք», - ասում է միջին տարիքի մի տղամարդ։
«Դժվար ա մի քանի անգամ գերազանցող քանակով մարդկանց հետ նույն տրանսպորտով երթևեկելը», - հավելում է մեկ այլ երևանցի։
Պատկերը նույնն է նաև առավոտյան։ Երևանի ծայրամասերից կենտրոն՝ աշխատանքի կամ դասի շտապողները կրկին նյարդեր ու ժամանակ են ծախսում, որ տեղ հասնեն առանց ուշանալու, թեկուզ կանգնած։
Բրիտանական WYG խորհրդատվական ընկերության նախագծով, Երևանում պետք է շահագործվի 840 ավտոբուս և 101 տրոլեյբուս, բայց այս պահին դեռ շահագործվում են շուրջ 500 նոր երթուղայիններ։
Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի խոսքով, իրավիճակն ավելի է բարդացել հատկապես այն պատճառով, որ շուրջ 80 մանուշակագույն մեծ ավտոբուս անսարք վճակում է, դրանց նորոգմամբ են զբաղված։ Բացի դրանից, ըստ նրա, վերջին մեկ ամսում մոտ 50 վարորդ է աշխատանքից ազատվել՝ կարգապահության պահանջները խախտելու, օդորակիչը չմիացնելու, ղեկին ծխելու, չվացուցակից շեղվելու, 100 դրամանոցնեը գրպանելու և այլ խախտումների համար։
Նախորդ տարի 211 նոր ավտոբուս է ձեռք բերել քաղաքապետարանը, ևս 150-ը՝ 8,5 մետրանոց, Երևան կհասնեն մինչև տարեվերջ։
Դեռ քանի՞ ավտոբուս պետք է ներկրվի, որ մարդիկ նախ նստած երթևեկեն, հետո երկար չսպասեն իրենց տրանսպորտին, հետաքրքրվեցինք Գալջյանից։
«Արդեն հաղթող կազմակերպությունը հայտնի է, և այս տարեվերջին մոտավորապես երեսուն տրոլեյբուսների ներկրում ենք սպասում։ Իսկ արդեն գարնանը սպասում ենք մոտավորապես իննսուն արդեն մեծ դասի ավտոբուսների ներկրում, խոսքը տասներկու մետրանոց ավտոբուսների մասին է։ Քննարկվում է ավտոբուսների համար առանձնացված երթուղի բացելու հարցը, և էդ պարագայում խնդիրը վերջնականապես կլուծվի, քանի որ այլ ավտոմեքենաներին կարգելվի երթևեկել այն երթուղիով, որը որ հատկացված է լինելու միայն ավտոբուսների համար», - ասաց նա։
Հանրային տրանսպորտի բարեփոխումների ուղին արդեն 4 տարի բռնած քաղաքային իշխանության ներկայացուցիչներին ուղևոր Անահիտ Բաբայանն առաջարկ ունի. - «Քաղաքային իշխանությունները՝ ի դեմս Երևանի քաղաքապետի, պիտի անպայման օգտվեն հանրային տրանսպորտից։ Եվ մեկ օր չէ, և ցուցադրելու համար չէ։ Այլ ամեն օր գնան աշխատանքի ու վերադառնան՝ պատկերացնելու համար, թե արդյոք հնարավոր ա, որ քաղաքացին էդ կերպով վազի, որ մի կերպ կծկվի, հանդուրժի ծխող վարորդի, շոգից խեղդվի...»
Մինչդեռ Գալջյանն ասում է. - «Մեր մաշկի վրա զգում ենք։ Ես ինչքան գիտեմ, քաղաքապետը երբեմն երթևեկում է տրանսպորտով, ես էլ եմ երբեմն երթևեկում և իմ մաշկի վրա զգացել եմ իմ կյանքի մի մեծ հատվածում, հիմա էլ զգում եմ հաճախ, երբ որ օգտվում եմ։ Կարիք չկա ամեն օր նստել, որ պրոբլեմը հասկանալ»։
Քաղաքային իշխանություները պարբերաբար նշում են, որ 2011-ից մինչև 2018-ը Երևանի բյուջեից երթուղայիններ չեն գնվել, դա արվել է միայն մասնավոր գնումներով ու չինական նվիրատվություններով։ Խոստանում են, որ աստիճանաբար խնդիրը կլուծվի։
Ավելի վաղ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն «Ազատության» եթերում նշել էր, թե տրանսպորտի խնդիրը 70 տոկոսով կկարգավորվի 2023-ի վերջին։