Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը և՛ ողջունում, և՛ քննադատում են Անկարա մեկնելու վարչապետի որոշումը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը արձագանքելով նրան, որ վաղը վարչապետը Անկարայում մասնակցելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը՝ ասաց՝ Հայաստանի այսօրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գլխիկոր կատարել է Թուրքիայի բոլոր պահանջ-հրամանները:

«Հայաստանի այսօրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գլխիկոր կատարել է Թուրքիայի բոլոր պահանջ-հրամանները: Ադրբեջանի գերիշխանությունն են ճանաչել Արցախի նկատմամբ, ճանապարհ է պատրաստվում տալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, այսինքն, պանթուրքիաստների հերթական հրահանգն է կատարում: Թուրքերն արդեն քիթները խոթում են՝ Երևանում ինչ արձան կանգնեցնեն, պատկերացնո՞ւմ եք ինչ աստիճանի ենք հասել, դրա համար էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանին կկանչեն, որ ասեն՝ արի Էրդողանի թրի տակով անցի, որովհետև Հայաստանն արդեն թուրքական բոլոր պահանջներին ենթարկվել է, կգնա այնտեղ կշնորհավորի էլ, բա ինչ կանի: Էդ նույն Էրդողանն է, որը «Բայրաքթարներ» է ուղարկել, որ հայ զինվորներին սպանեն, էդ նույն Էրդողանն է, որը գեներալներ է ուղարկել, որոնք ղեկավարել են ադրբեջանական պատերազմը Հայաստանի և Արցախի դեմ, էդ նույն Էրդողանն է, ով ամբողջ մարմնով թաթախված է հայկական արյան մեջ: Գնում է էդ նույն մարդուն Փաշինյանը շնորհավորի: Գնում է էդ մարդուն ի՞նչ շնորհավորի, հայ սպանելու համար է գնում շնորհավորի Էրդողանին Փաշինյանը», - ասաց Խաչատրյանը:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ է կարծում, «Նեմեսիսի» արձանը կարո՞ղ է ապամոնտաժվել, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Ես այս իշխանություններից ոչինչ չեմ բացառում, նույնիսկ Ցեղասպանության հուշարձանը կարող են ապամոնտաժել: Ես այս իշխանություններից այլևս որևէ արգելակ իրենց գործողություններում չեմ տեսնում»:

Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում «Նեմեսիս» հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշում է, որ հայաստանյան իշխանությունների՝ բարձր մակարդակով ներկայությունը չի կարող տրամաբանական լինել:

«Սա տարակուսելի եմ համարում հատկապես այն համատեքստում, Երբ Թուրքիայի իշխանությունները շարունակում են պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է, ավելին, նույնիսկ այս վերջին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող այսպես կոչված այդ ջերմացման ֆոնին Թուրքիայի իշխանությունները շարունակում են անընդհատ հիշել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին հենց իրենց աջակցությամբ և կատարմամբ է Ադրբեջանը կարողացել հասնել իր գլխավոր նպատակին: Այս համատեքստում հայաստանյան իշխանությունների՝ բարձր մակարդակով ներկայությունը բնականաբար, չի կարող տրամաբանական լինել», - ընդգծեց Աբրահամյանը:

Աբրահամյանը նշեց՝ «հայ-թուրքական հարաբերություններում միայն Հայաստանի կողմից կա միակողմանի քայլեր»:

«Թուրքիան չի ձեռնարկում որևէ լուրջ գործողություն, որով կարող է ցույց տալ, որ իրավիճակը գնում է նորմալացման: Թուրքիան որևէ լուրջ դրական ազդակ չի արձակել, սա այն դեպքում, որ Հայաստանի իշխանություններն անընդհատ միակողմանի քայլերով փորձում են ցույց տալ իրենց հավատարմությունը այդ գործընթացում», - ընդգծեց նա:

Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ նշեց, որ Հայաստանի մասնակցությունը ճիշտ է համարում։

«Ես կարծում եմ, որ եթե Թուրքիան որոշել է, որ հարևան երկրներին պետք է հրավիրի և հրավերք է ուղարկել Հայաստանի, այդ դեպքում մասնակցությունը միանշանակ ճիշտ եմ համարում, որովհետև քաղաքական և դիվանագիտական առումով, երբ կա հրավեր և դու մերժում ես կամ հրավերին ուղարկում ես շատ ավելի ցածր մակարդակ, որոշակի վերաբերմունք է հետագայում Թուրքիային արդարանալու համար, որ իրենք կոնստրուկտիվ դաշտում են, իսկ Հայաստանը դեստրուկտիվ դաշտում», - նշեց Սարգսյանը։

Ըստ Հանրապետություն կուսակցության ղեկավարի, դիվանագիտական առումով մասնակցելը քիչ ավելի վտանգավոր կլինի, քան չմասնակցելը.

«Ես չեմ կարծում, որ Հայաստանցի որևէ ղեկավար հաճույք է ստանում Թուրքիայում նման միջոցառման մասնակցելու, և եթե մասնակցում է, դիվանագիտական առումով։ Դիվանագիտական առումով մասնակցելը քիչ ավելի վտանգավոր կլինի, քան չմասնակցելը, հետևաբար մասնակցելը կարծում եմ ճիշտ էր։ Գնալը ճիշտ է, որովհետև այցելությունը գնահատում է ոչ միայն Թուրքիան, գնահատում է միջազգային հանրությունը։ Եվ մենք բանակցային գործընթացների մեջ ենք թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ միջազգային հանրության միջնորդությամբ և աջակցությամբ, ու այստեղ ես կարծում եմ, որ մեր դիրքերն այնպիսին են, որ մենք միշտ պիտի լինենք կոնստրուկտիվ դաշտում», - նշեց նա։

XS
SM
MD
LG