Մատչելիության հղումներ

«Արցախում բնակվող որևէ հայ թույլ չի տա, որ իր հանցագործ լինել-չլինելը որոշեն Բաքվում»․ Արմեն Բաղդասարյան


Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը վստահ է՝ «կեղծ պետական ատրիբուտներն աղբարկղը նետելու», «խորհրդարանը լուծարելու» մասին Ալիևի հայտարարությունը չի լինելու երբևէ։

Բաղդասարյանը պարզաբանում է՝ Արցախում բնակվող որևէ հայ թույլ չի տա, որ իր հանցագործ լինել-չլինելը որոշեն Ադրբեջանի իշխանությունները, և այդ հարցը դարձնել բանակցությունների օրակարգ, ըստ քաղաքական մեկնաբանի, նշանակում է՝ բանակցել այն հարցի շուրջ՝ Արցախում հայեր ապրելո՞ւ են, թե՞ չեն ապրելու։

Բաղդասարյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Միացյալ Նահանգները ողջունել է Ալիևի հայտարարությունը, թե Ղարաբաղի հայերի նկատմամբ համաներում կհայտարարի։ Դուք կարծում եք բանակցային նյո՞ւթ է պետական ինստիտուտների ապամոնտաժումն Արցախի, որովհետև Ալիևը նաև ուղիղ այդ պահանջը հնչեցրեց՝ «վերացնել նախագահականը, խորհրդարանը»։

Բաղդասարյան․ - Դա պետական ինստիտուտների լուծարման հարց չէ, դա Արցախում հայերի ապրել-չապրելու հարցն է, ճիշտ այնպես, ինչպես այդ չակերտավոր համաներումը։ Ես վստահ եմ, որ դա չի լինելու երբևէ, որովհետև Արցախում բնակվող որևէ հայ թույլ չի տա, որ իր հանցագործ լինել-չլինելը որոշեն Ադրբեջանի իշխանությունները։ Այսինքն՝ այդ հարցը բանակցությունների օրակարգ բերել, նշանակում է բանակցել այն հարցի շուրջ՝ Արցախում հայեր ապրելու են, թե չեն ապրելու։ Իսկ Միացյալ Նահանգներում համաձայն կլինեին, որ այո՛, այդ մեխանիզմով Արցախը հայաթափվի, որովհետև էդ դեպում միաժամանակ իրենց մի փոքրիկ պլանը կկատարվեր՝ ռուս խաղաղապահները դուրս կմղվեին, և միաժամանակ իրենց դեմքը կփրկեին, կասեին՝ «զուտ իրավական գործընթաց է և ոչ թե ցեղասպանություն, էթնիկ զտում և այլն»։

«Ազատություն»․ - Բայց, պարոն Բաղդասարյան, ռուսական տարբերակն էլ շատ կասկածի տակ է․ Ալիևը Պուտինի ներկայությամբ ասում է՝ «Ղարաբաղի հարց նույնիսկ չենք քննարկելու»։

Բաղդասարյան․ - Ռուսների խնդիրն էլ բոլորովին այլ է․ նրանք ցանկանում են այդ սպառնալիքը, վտանգը հայերի գլխին մշտապես կախված պահելով՝ Հայաստանին ստիպել այլ զիջումների՝ այլ ոլորտներում, օրինակ, Մեղրիով անցնող ճանապարհի վերահսկողություն որպեսզի տրամադրվի ռուսական կողմին, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը մեկառմիշտ փակվի, Հայաստանն անդամակցի Միութենական պետությանը։ Այսինքն՝ ռուսները այնպես չի, որ այստեղ մեր դաշնակիցներն են։ Եթե անգամ ինչ-որ հարցում մեզ օգնում են, օգնում են իրենց շահերից ելնելով և դրա դիմաց Հայաստանից ինչ-որ բաներ են պահանջում, և այստեղ «Արևմուտքը լավն է, Ռուսաստանը վատն է», կամ հակառակը, մենք էդ վիճակում չենք, որ էդ ընտրությունը կատարենք, մենք պարտավոր ենք հաշվարկել, թե որ դեպքում են ռիսկերն ավելի շատ, պրագմատիկ ճանապարհով փորձել գնալ հնարավորինս նվազ ցավոտ լուծումների ճանապարհով։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG