Մատչելիության հղումներ

Գրիգորյանը Հաջիևի հետ պանելային քննարկմանը կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ:

ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Գրիգորյանը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերին: ԱԽ քարտուղարը շեշտել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հանդիպումը գրեթե մեկ տարի առաջ էր՝ 2022-ի սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում։ Վաշինգտոնյան հանդիպումից հետո Գրիգորյան-Հաջիև հեռակա բանավեճ սկսվեց․ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ։ Հաջիևը «կեղծիք» որակեց Գրիգորյանի հայտարարությունը։ «Ես զարմանում եմ, որ հերքվում է փաստված բանը», - արձագանքեց ՀՀ ԱԽ քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG