Մատչելիության հղումներ

Առանց «կադաստրի վկայականի» ՄԱԿ-ի անդամ չեն դառնում. ԱԳ նախկին փոխնախարարը հակադարձում է վարչապետին


«Կադաստր և տնվոր... ողբամ ես, կարող եմ ասել», - Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, դեսպան Ավետ Ադոնցն այսպես է արձագանքում Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարություններին։

«Մենք բոլորս հասկանո՞ւմ ենք, որ մենք մեզ շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, Հայաստանը որպես պետություն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Եթե այն, ինչ որ մենք ուզում ենք անել ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական, սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև՝ դե յուրե: Մենք՝ բոլորս, Հայաստանի Հանրապետության խորհրդարանը, բոլորս ուզում ենք հաղթահարենք տնվորի մեր կարգավիճակը», - երեկ հայտարարել է Փաշինյանը:

Ադոնցը, արձագանքելով վարչապետին, ասաց. «Երևի պատմության մեջ առաջին անգամ է, որ որևէ պետության ղեկավար նման տիպի որակավորումներ տա իր իսկ սեփական պետությանը, իր իսկ սեփական ժողովրդի վերաբերյալ»:

Շուրջ 30 տարի դիվանագիտության բնագավառում պաշտոնավարած Ադոնցն ասում է, թե ցավում է, որ Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը խոսում է Հայաստանի պետության, պետականության մասին, նրա ձևակերպմամբ, թաղապետարանի մակարդակով՝ կոչ անելով Փաշինյանին պետությունը չհամեմատել կադաստրի հետ։

«Երկրի մասին խոսել կադաստրի վկայականի փիլիսոփայության մեջ, դա խայտառակություն է, ամոթ է», - ընդգծեց Ավետ Ադոնցը:

Նախկին փոխարտգործնախարարի համոզմամբ՝ Փաշինյանը դեմարկացիայի և դելիմիտիացայի գործընթացը երեկ խորհրդարանում ներկայացրեց իբրև Ադրբեջանի կողմից կադաստրի վկայական ստանալու գործընթաց, այսինքն, ըստ վարչապետի, Ադրբեջանն է, որ պետք է ձևակերպի և ներկայացնի Հայաստանին այդ փաստաթուղթը։

«Երբեք դա որպես կադաստրի վկայական չի կարելի նշել, դա նույնիսկ հասանելի չի այն մեր քաղաքացիների ու այն մեր հասարակության լայն շրջանակների հետ, որոնք դիվանագիտության հետ կապ չունեն: Իրենք այս երկրում տնվոր չեն, որպեսզի ունենան կա՛մ վարձակալության պայմանագիր, կա՛մ սեփականաշնորհման վկայագիր, ընդ որում, այն վկայականը սեփականության, որն ըստ երեկվա հայտարարության և ըստ երեկվա ներկայացված կամ առաջարկված փիլիսոփայության, պետք է հաստատվի Ադրբեջանի կողմից», - ընդգծեց Ադոնցը:

«Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայաստանի պետության միջազգային օրինականությունը»

Հայաստանի վարչապետը, ըստ նախկին դիվանագետի, իր հայտարարություններով, ըստ էության, հարցականի տակ է դնում Հայաստանի պետության միջազգային օրինականությունը, այն դեպքում, երբ անկախ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ, ինչը նշանակում է, որ այդ երկրները ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Մենք ՄԱԿ-ի անդամ ենք, լիիրավ անդամ 91 թվականից, անկախությունը հռչակելուց հետո: Առանց, պետք է ասեմ այդ արտահայտությունը, կադաստրի վկայականի ՄԱԿ-ի անդամ չեն դառնում», - ասաց նախկին փոխարտգործնախարարը:

Ադոնցի գնահատմամբ՝ Փաշինյանը պրիմիտիվ, անընդունելի, մարդկանց արժանապատվությունը ոտնահարող հայտարարություններով իրականում փորձում է նախապատրաստել ժողովրդին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որով ինչպես ինքն է հայտարարել ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Ընդորում, ըստ Ադոնցի, երեկվա հայտարարությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը այդ բանակցություններում լուրջ ճնշումների տակ է, մինչդեռ միջազգային ընդունված սկզբունքի համաձայն՝ ճնշումների ներքո չի կարող սահմանազատման գործընթաց տեղի ունենալ:

«Փաստորեն հերթական անգամ տնվորներին Հայաստանի Հանրապետության, որոնք հայ ժողովուրդն է, հայ ազգն է, որոնց ինքը անվանել է տնվոր, սա մի հերթական պատգամն է, որ մենք վաղը կարող ենք չլինել, սա հերթական անգամ շատ պրիմիտիվ ձևով պատրաստությունն է: Երբ որ պատրաստվում ես ստորագրել ինչ-որ միջազգային պայմանագիր, որն ուղղված է կամ հասցեագրված է այս կամ այն շատ կարևոր հարցի կարգավորմանը, իսկ տվյալ պարագայում Արցախի հարցին, ապա, բնականաբար, ստորագրմանը մեր հանրությունը պետք է պատրաստ լինի, և այդ նախապատրաստական աշխատանքները տարվում են շատ պրիմիտիվ, իսկ դրանց բովանդակությունն, ըստ իս, անընդունելի է», - ասաց նախկին պաշտոնյան:

Վարչապետ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, թե աշխարհում կա մի քանի պետություն, որոնք կարող են հայերի առջև իրենց երկրից հանելու պահանջ դնել ու կադաստրի վկայական չունեցող Հայաստանը չի կարող հակափաստարկ չի կարող ներկայացնել։ Փաշինյանը այդ երկրների անունները չտվեց։

«Մենք ապրում ենք մի տեղ, որտեղ աշխարհում առնվազն մի քանի պետություն կա, որը մտածում է, որ երբ ուզի՝ կասի մի հատ հավաքվեք ստեղից դուրս եկեք, և մենք այդ ժամանակ չենք կարա ասենք՝ հլը մի րոպե, կադաստրի վկայականը....», - ասել է Փաշինյանը:

«Ես ոչ թե կարող եմ հաստատել, ես այդպիսի բան չեմ լսել, վստահաբար այդպիսի բան չկա», - հայտարարեց Ավետ Ադոնցը:

Փաշինյանի օրոք պաշտոնավարած նախկին փոխարտգործնախարարը, որ արտաքին գերատեսչությունից հեռացավ 2021-ին, ասում է, որ 30 տարի լինելով դիվանագիտության մեջ, վստահորեն կարող է ասել՝ երբեք Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չի դրվել։ Թուրքիան երբևէ տարածքային պահանջ չի ներկայացրել, նման պահանջ նախկինում չուներ անգամ Ադրբեջանը։

«Տարածքային պահանջ Ադրբեջանը չի ունեցել Հայաստանի նկատմամբ 3-4 տարի առաջ, իսկ հիմա իրավիճակը որակապես է փոխվել, այսինքն, մենք գտնվում ենք ճնշման տակ և որևէ կերպ չենք փորձում նույնիսկ դուրս գալ այդ ճնշումներից և վարել բանակցությունները Ադրբեջանի հետ արժանապատվորեն», - ասաց Ադոնցը:

Ինչո՞ւ 100-ից ավելի պետությունների կողմից ճանաչված ու ՄԱԿ-ի լիիրավ անդամ Հայաստանը պետք է այսպես կոչված կադաստրի վկայական ստանա հենց Ադրբեջանից, հակառակ պարագայում հայաստանցիները, վարչապետի ձևակերպմամբ, կմնան տնվորի կարգավիճակում. Փաշինյանը երեկ այդպես էլ չհստակեցրեց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG