Մատչելիության հղումներ

Մայիսի 24-ը թուրքերի համար արտասահմանում քվեարկելու վերջին օրն է


Թուրքիա - Էրդողանի և Քըլըչդարօղլուի քարոզչական պաստառները, արխիվ
Թուրքիա - Էրդողանի և Քըլըչդարօղլուի քարոզչական պաստառները, արխիվ

Արտերկրում ապրող թուրքերի համար նախագահի երկու թեկնածուներից մեկի օգտին երկրորդ փուլում քվեարկելու վերջին ժամկետն այսօր է: Երեկոյան ընտրատեղամասերը կփակվեն:

73 երկրներում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունները տեղակայել են 156 ընտրատեղամասեր, դրանց մի մասը գործում է սահմանային անցակետերում:

64 միլիոն ընտրողներից արտասահմանում բնակվում է մոտ 3 միլիոն 400 հազարը: Միայն Գերմանիայում՝ 1.5 միլիոն:

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ մայիսի 20-23-ն արտասահմանում և սահմանային անցակետերում քվեարկել է ավելի քան 1.5 միլիոն քաղաքացի:

Մայիսի 14-ին քվեարկության առաջին փուլում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին ձայն է տվել ընտրողների 49.24 տոկոսը, իսկ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին՝ 45.07 տոկոսը: Այսպիսով պարզվել է, որ հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 28-ին նախատեսված երկրորդ փուլից հետո:

Առաջին փուլին նախորդող օրերին անցկացված հարցումների արդյունքները վկայում էին, որ ընդդիմադիրը որոշակի առավելություն ունի գործող ղեկավարի նկատմամբ և նույնիսկ կարող է մեկ փուլով հաղթել:

Բայց Քըլըչդարօղլուի և նրա աջակիցների ակնկալիքները չարդարացան: Ինչո՞ւ: Ընդդիմադիր թեկնածուի թիմը խոսել է խախտումների և վարչական լծակների կիրառման մասին:

Մամուլում ընտրությունները գործող նախագահի համար բարենպաստ եղանակով լուսաբանելու հանգամանքը նաև եվրոպացի դիտորդներն են նշել, ինչը խստորեն զայրացրել է Էրդողանին:

Քըլըչդարօղլուն վստահեցրել է, որ կհաղթի մայիսի 28-ին, սակայն, ըստ վերլուծաբանների, նա գործնականում զրկվել է այդ հնարավորությունից, քանի որ առաջին փուլում երրորդ տեղը գրաված ազգայնական Սինան Օղանն իր ընտրողներին կոչ է արել քվեարկել հօգուտ Էրդողանի:

Սա ծանր հարված էր Քըլըչդարօղլուի համար: Այժմ գրեթե վստահաբար կարելի է ենթադրել, որ երկու տասնամյակ Թուրքիան ղեկավարող փորձառու Էրդողանը կշարունակի նախագահել: 2018 թվականին նա հաղթել է հենց առաջին փուլում՝ ստանալով քվեների 52 տոկոսը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG