Ընդդիմությունը և նրա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողացան օգտագործել այն բարենպաստ հնարավորությունները, որ ստեղծվել էին Թուրքիայում՝ իշխանության գալու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահական ընտրություններին։
Վերջին տարիներին Թուրքիայում տնտեսության կտրուկ անկումը, փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը, որը, ըստ թուրքագետի, բացահայտեց Էրդողանի կառավարման տարիների ընթացքում կուտակված զեղծարարությունները, խախտումները, բացթողումները և Թուրքիայում բնակչության որոշ խավերի ձգտումը՝ տեսնել նոր ղեկավարի, նոր ճանապարհ Թուրքիայի համար, Սաֆրաստյանի համոզմամբ, հենց այն երեք բարենպաստ հանգամանքներին էին, որ չկարողացավ օգտագործել ընդդիմությունը, իսկ թե ինչու, թուրքագետի խոսքով՝ արդեն այլ խնդիր է։
Էրդողանը հաղթահարեց իր բոլոր բացթողումները, ընդգծեց Սաֆրաստյանը՝ նկատելով՝ դա արեց, առաջին հերթին, օգտագործելով իշխանական լծակները։
«Բայց նաև չպետք է մոռանալ, որ նա տասնյակ տարիներ գտնվում է թուրքական քաղաքականության, այսպես ասած, գագաթնակետին՝ ամենաբարձր հատվածում և ձեռք է բերել մեծ փորձառություն Թուրքիայում քաղաքական գործունեություն վարելու առումով», - ասաց թուրքագետը։
Մայիսի 14-ին Թուրքիայի նախագահական ընտրություններում թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը․ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացավ քվեների 49,51 տոկոսը, նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։
Սաֆրաստյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․