Մատչելիության հղումներ

Խաղաղության երաշխավորը պետք է պատրաստ լինի տեղում ռազմական ներկայություն ունենալ. Աննա Գևորգյան


«Ազատության» հյուրը իրանագետ Աննա Գևորգյանն է։

«Ազատություն». - Դուք վերջերս Միացյալ Նահանգներում էիք և փակ հանդիպումներ եք ունեցել նաև պաշտոնական շրջանակների հետ։ Կա՞ պատրաստակամություն երաշխավորել խաղաղության պայմանագիրը։

Գրիգորյան. - Խաղաղությունն իրենց համար կարևոր է, բայց դա պիտի լինի մի խաղաղությունը, որը տարածաշրջանի երկրները իրենք պիտի ուզեն և իրենք էլ պիտի լինեն էդ խաղաղության երաշխավորը։ Էս դիտանկյունից չափազանց դժվար է սա ընկալել ներկա իրադրության մեջ, որովհետև երբ էսպիսի ռազմական ռեսուրսների բալանս կա, շատ դժվար է ընդունել, ակնկալել, որ կողմերը կկարողանան կառուցողական բանակցություններ ունենալ։ Եվ այդ է նաև պատճառը, որ Վաշինգտոնում չորսօրյա ինտենսիվ բանակցություններից հետո ըստ էության հայտարարությունն այն մասին էր, որ եկել են համաձայնության անհամաձայնություն ունենալու շուրջ։ Թեև մի կողմից դրանք շատ կարևոր էին, մյուս կողմից՝ ևս մեկ անգամ շեշտադրում են էն հանգամանքը, որ ամեն դեպքում կարևորելը խաղաղության ենթադրում է նաև որոշակի նաև միջնորդական առաքելություն, որպեսզի ներկա պայմաններում առնվազն մեկ կողմին ստիպեն, որ ավելի կառուցողական մոտենա հարցերին։ Եվ եթե որևէ մեկը հայտարարի, որ ինքը որևէ տարածաշրջանում խաղաղության երաշխավոր է, դա նշանակում է, որ խաղաղության հանդեպ որևէ ոտնձգության դեպքում նա պիտի պատրաստ լինի իր սեփական ռեսուրսներով, նաև ռազմական ռեսուրսներով ներկա լինել էդ տարածաշրջանում։ Իսկ էդպիսի առաջնահերթություն կարծես թե Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս չունի մեր տարածաշրջանի հետ կապված։

«Ազատություն». - Որովհետև գուցե քանի այստեղ ռուսներն են, դրա համար, գուցե էդ կուլիսային պայմանն է՝ նախ ճանապարհեք ռուսներին, դուրս եկեք ՀԱՊԿ-ից, հետո կտեսնենք։

Գրիգորյան. - Ես անկեղծ ասած, որևէ էդպիսի ակնարկ չեմ լսել։ Մենք բազում վերլուծական կենտրոններում ենք եղել, և մի քանի հանդիպումներ եղել են նաև պաշտոնյաների հետ։ Բոլորի հետ հանդիպումներում ես տեսել եմ ընկալում, որ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ու գոյությունը այս կամ այն չափով առնվազն կարճաժամկետ ապագայում փոփոխման ենթակա էլ է եթե, ապա դա Հայաստանի միջոցով չէ, որ պիտի արվի։ Այլ կերպ ասած, Ռուսաստանը մեր տարածաշրջանում մնալ-չմնալու հարցը որոշելու է իր սեփական կարողություններից ելնելով, և այնպես չէ, որ մեր հայտարարությամբ և մեր ցանկությամբ պիտի որոշի այստեղ լինել-չլինելը։ Երկրորդը, չեմ տեսել որևէ ակնարկ և ակնկալիք, որ Հայաստանը պիտի էդպիսի, հաճախ ինքնասպանության նմանվող հայտարարություններ անի։ Որովհետև ակնհայտ է, չէ՞, որ նման «ապահարզանի» վերաբերյալ քաղաքական հայտարարությունները նշանակելու են, որ մենք տարածաշրջանում չլուծած հարաբերությունները երկու հարևանների հետ, ստեղծելու ենք խնդիրներ նաև տարածաշրջանի գերտերության հետ։ Ուզենք թե չուզենք էդ հանգամանքը ընդունել, բայց դեռևս Ռուսաստանը այս տարածաշրջանում ունի որոշակի կշիռ և ազդեցություն, և Հայաստանում առնվազն ենթակառուցվածքների և բազում ոլորտների մեջ ներգրավվածության տեսանկյունից ունի բազում լծակներ ազդեցություններ գործելու։ Հետևաբար, որևէ սթափ ու ռացիոնալ վերլուծությունների տիրույթից ելնող որևէ մեկը, կլինի Վաշինգտոնում թե Բրյուսելում, ի բարեբախտություն մեզ, չի ակնկալում և չի ակնարկում, որ մենք պիտի էդպիսի կտրուկ շարժումներ անենք, որպեսզի կարողանանք ինչ-որ իրենցից ստանալիքը մեր ստանանք։

«Ազատություն». - Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ արդեն բանը բանից անցել է, ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից անգամ հայտարարություն չեղավ, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, չեն կատարում նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Արցախում Փառուխից եկան-հասան Լաչինում անցակետ դրեցին։ Էլ ի՞նչ լինի։

Գրիգորյան. - Ի՞նչ կարող է լինել, եթե հայտարարությունների մակարդակով, ինչպես պահանջում են, օրինակ, որոշ վերլուծական շրջանակներ, մենք հայտարարենք, որ Ռուսաստանն այլևս ոչ միայն դաշնակից չէ, այլև մեր թշնամին է, հակառակորդն է։ Համապատասխան գործողություններ պիտի լինեն։ Այսինքն՝ պիտի մեր քայլերը անենք ոչ թե հաշվի առնելով, որ ամեն ինչ կորցրել ենք և էլ ոչինչ չունենք կորցնելու, այլ պիտի էն դիտանկյունից հաշվարկներն անենք, որ այլևս կորուստներ հնարավորինս քիչ ունենանք։ Դա ամենևին չի նշանակում նաև հակառակ ծայրահեղությունը, երբ ամեն կերպ նսեմացվում են Արևմուտքի ջանքերը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG