Մատչելիության հղումներ

«Ադրբեջանցիները շարունակում են սպառնալիքներ ներկայացնել գյուղացիներին՝ զենքի ցուցադրմամբ»․ Մանասյան


Ադրբեջանական զինծառայողները շարունակում են դրսևորել ագրեսիվ վարքագիծ, սպառնալիքներ ներկայացնել գյուղացիներին՝ զենքի ցուցադրմամբ, հաճախակի կրակոցներ են արձակում բնակավայրերի անմիջական հարևանությամբ, այսօր հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր երեկվա այցի արդյունքում հավաքագրված տվյալները։

Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տների ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված լինելու հանգամանքը։

Հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից հրադադարի պարբերական խախտումների մասին, օրերս Ջերմուկում հայտարարեց նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը։ Ըստ Էդվարդ Ասրյանի՝ ադրբեջանական կողմն այս խախտումներով նպատակ ունի իրավիճակը լարված պահել։

Պաշտպանը եղել է մասնավորապես սահմանամերձ Վերին Շորժայում, Սարատեղիում, Կութիում, Նորաբակում, Սոթքում և Կուտականում:

Բնակիչները բարձրացրել են արոտավայրերի, խոտհարքերի և վարելահողերի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, նրանք նշել են, որ ստեղծված պայմաններում դժվարացել է անասնապահությամբ զբաղվելու, իրենց ընտանիքներին կենսական միջոցներով ապահովելու հնարավորությունը։

Ընդգծելով, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն ունեն նաև սահմանային բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու նպատակ՝ Մանասյանն ասել է, որ արձանագրված մարդու իրավունքների խախտումները, մյուս փաստերը կամփոփվեն և կներկայացվեն իրավասու միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու գերատեսչություններին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG